ԼՂՀ կառավարությունը վարկավորում է աշնանացանը
Ըստ ԼՂՀ կառավարության սահմանված կարգի, 2009 թվականին աշնանացանի համար պետությունից վարկ ստանալու համար հողագործները պետք է առաջին հերկը կատարեին մինչև սեպտեմբերի 10-ը:
Ժամկետն արդեն լրացել է, և գյուղատնտեսության նախարարությունում ամփոփում են արդյունքները:
Գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանի խոսքերով, սահմանված ժամկետում առաջին հերկի իրականացումը ինքնանպատակ չէ: Դա են պահանջում հացագործության տարրական ագրոկանոնները: Ժամանակին կատարված աշխատանքն ազդում է բերքատվության, իսկ վերջին հաշվով նաև վարկառուի կողմից գումարը ժամանակին վերադարձնելու հեռանկարի վրա:
Մյուս կողմից, Ժամկետի սահմանումը ազդել է հերկված տարածքների մակերեսի վրա. այն նախորդ տարվա համեմատ զգալի աճել է` 155 տոկոսով:
«Սեպտեմբերի 10-ի դրությամբ, Ասկերանի շրջանում հերկվել է 6.537 հա, Մարտակերտի շրջանում 3.868 հա, Մարտունու շրջանում 8.638 հա հողատարածք: Հերկված հողատարածքների թիվը Հադրութի շրջանում 4.300 հա է, Շուշիի շրջանում` 55 հա, Շահումյանի շրջանում` 12 հա: Քաշաթաղի շրջանում գյուղացիները հերկի աշխատանքներ են կատարել 2.570 հա հողատարածքում»,- մանրամասնում է ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանը:
Աշնանացանի վարկավորման այս տարվա կարգի համաձայն, մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ յուրաքանչյուր հեկտար հերկված տարածքի համար սեփականատերը կարող է ակնկալել վարկ` 50 հազար դրամի չափով: Աջակցություն է նախատեսվում նաև 7.500 հեկտարի վրա սև ցելի աշխատանքներ իրականացրած հողագործների համար. այդքան է կազմում հանրապետության տարածքում առ սեպտեմբերի 10-ը իրականացված սև ցելի ընդհանուր ծավալը:
Ինչպես և նախորդ տարիներին, վարկավորումը կատարվելու է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հիմնադրամի խողովակներով: Պետությունը աշնանացանի համար ներկրելու է 110 տ սերմացու` միայն հունիսի 27-ի կարկտահարությունից տուժած Ամարասի հովտի հողատարածքներում ցանք իրականացնելու նպատակով:
Գյուղատնտեսության նախարարությունում վստահեցնում են, որ հանրապետությունում սերմացուի խնդիր չի լինի: Արցախում կան սերմարտադրող կազմակերպություններ, որոնց արտադրանքը փորձարկված է և բարձր բերքատվություն է երաշխավորում:
Իսկ այս օրերին հաճախակի անձրևներն ու զով եղանակը, ըստ Վլադիմիր Զաքիյանի, միայն նպաստում են աշնանացանին:
Թեգեր` ԼՂՀ












