Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ կառավարությունը վարկավորում է աշնանացանը

Սեպտեմբեր 15, 2009թ. 15:16

Ըստ ԼՂՀ կառավարության սահմանված կարգի, 2009 թվականին  աշնանացանի համար  պետությունից վարկ ստանալու համար հողագործները  պետք է առաջին հերկը    կատարեին մինչև սեպտեմբերի 10-ը:

Ժամկետն արդեն լրացել է, և  գյուղատնտեսության նախարարությունում ամփոփում են արդյունքները:

Գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր  Զաքիյանի  խոսքերով, սահմանված ժամկետում առաջին հերկի  իրականացումը ինքնանպատակ չէ:  Դա են պահանջում  հացագործության տարրական ագրոկանոնները: Ժամանակին կատարված աշխատանքն ազդում է բերքատվության, իսկ վերջին հաշվով նաև    վարկառուի կողմից գումարը ժամանակին վերադարձնելու հեռանկարի վրա:

Մյուս կողմից,  Ժամկետի սահմանումը ազդել է հերկված տարածքների մակերեսի վրա. այն  նախորդ տարվա համեմատ զգալի աճել է` 155 տոկոսով:

«Սեպտեմբերի 10-ի դրությամբ, Ասկերանի շրջանում հերկվել է 6.537 հա, Մարտակերտի շրջանում 3.868 հա, Մարտունու շրջանում 8.638 հա հողատարածք: Հերկված հողատարածքների թիվը Հադրութի շրջանում 4.300 հա է, Շուշիի շրջանում` 55 հա, Շահումյանի շրջանում` 12 հա: Քաշաթաղի շրջանում գյուղացիները հերկի աշխատանքներ են կատարել 2.570 հա հողատարածքում»,- մանրամասնում է ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանը:

Աշնանացանի վարկավորման այս  տարվա կարգի համաձայն,  մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ յուրաքանչյուր հեկտար հերկված տարածքի համար սեփականատերը կարող է ակնկալել վարկ` 50 հազար դրամի չափով:   Աջակցություն է նախատեսվում նաև  7.500 հեկտարի վրա սև ցելի աշխատանքներ իրականացրած հողագործների համար. այդքան է կազմում հանրապետության տարածքում առ սեպտեմբերի 10-ը իրականացված սև ցելի ընդհանուր ծավալը:

Ինչպես և նախորդ տարիներին,  վարկավորումը կատարվելու է ԼՂՀ  գյուղատնտեսության նախարարության հիմնադրամի խողովակներով: Պետությունը աշնանացանի համար ներկրելու է 110 տ սերմացու` միայն հունիսի 27-ի կարկտահարությունից տուժած Ամարասի հովտի հողատարածքներում ցանք իրականացնելու նպատակով:

Գյուղատնտեսության նախարարությունում վստահեցնում են, որ հանրապետությունում սերմացուի խնդիր չի լինի: Արցախում կան   սերմարտադրող կազմակերպություններ, որոնց արտադրանքը փորձարկված է և բարձր բերքատվություն է երաշխավորում:

Իսկ այս օրերին  հաճախակի անձրևներն ու զով եղանակը, ըստ Վլադիմիր Զաքիյանի, միայն նպաստում են աշնանացանին:


Թեգեր`

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`