Ռուսական խոսքի օրեր Արցախում
Արդեն երրորդ տարին է, Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Ռուսական խոսքի» օրեր: Այս անգամ դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև հայկական երկրորդ հանրապետությունը:
«Ռուսական խոսքի» օրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ռուսական արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ օրերս ժամանեցին Արցախ:
Հյուրերին դիմավորեցին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրիկ Գրիգորյանը` Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Տարին հռչակվել է երիտասարդական: Արցախ ժամանած խումբն էլ հենց այս տրամաբանությամբ էր կազմվել` ներառելով նոր սերնդի գրողներ, բանաստեղծներ, երգիչներ, լրագրողներ ու վերլուծաբաններ: Նրանց թվում էին հայտնի «Յուննոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարևը, վերլուծաբան, քաղաքագետ Անդրեյ Արիշևը և այլոք:
Ժամանած խմբին առաջինը հյուրընկալեց ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Հյուրերին հետաքրքրում էր Ղարաբաղի մասին ամեն ինչ` սկսած Ղարաբաղում ռուսերենի կարգավիճակից մինչև շփման գծում ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը: Մեկ հարց սակայն տարբեր ձևակերպումներով հնչեց բազմիցս. արդյո±ք նոր, երիտասարդ սերունդը չի ձգտի հեշտ ու ապահով կյանքի` այդ ճանապարհին անտեսելով նախորդ սերնդի համար անփոխարինելի համարվող արժեքները: Պաշտպանության նախախարարի պատասխանն անականկալ չէր.«Արցախում պատվավոր մահը գերադասում են նախկին կարգավիճակից»:
Նրանք, ովքեր առաջին անգամ չէին Արցախում, անծանոթ չէին այդ համոզմունքին: «Գուցե այլ վայրերում հնարավոր լինի ավելի ապահով ու հանգիստ կյանքի հեռանկարով ինչ-որ զիջողականություն ակնկալել երիտասարդներից, բայց ոչ այստեղ` Արցախում»,- գտնում է Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծաբան Անդրեյ Արեշեւը:
Շատ չանցած` հյուրերը պաշտպանության բանակի զորամասերից մեկում լինելու և արցախյան զինվորի առօրյային անձամբ ծանոթանալու հնարավորություն ունեցան: Որ արցախցի երիտասարդը հայրենասիրության լրացուցիչ դասերի կարիք չունի, նրանց համար արդեն առանց խոսքի պարզ էր: Այդ հայրենասիրության արմատներին հյուրերը ծանոթացան քիչ անց` Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանում:
Ժամանողները մեծ մասամբ մշակույթի և արվեստի մարդիկ էին: Այցի նպատակն ոչ միայն Արցախին ծանոթանալը, այլև տեղի նոր սերնդի ստեղծագործողների հետ կապերի հաստատումն էր: Այդ տրամաբանությանը միանգամայն համահունչ էր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած հանդիպումը Արցախի մշակութային կոլեկտիվների ներկայացուցիչների և առանձին գործիչների հետ:
Հնչող բարեմաղթանքները մերթընդմերթ ընդմիջվում էին հյուրերի կատարումներով: «Սա կարող է հեռանկարային համագործակցության սկիզբ դառնալ»,- համոզված է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: Իսկ այցի նախաձեռնողները խոստանում են,որ սա վերջին հանդիպումը չի լինի: Դա լիովին համապատասխանում էր նաև մնացած հյուրերի տրամադրությանը:
Ուրեմն, հերթական հանդիպումը շատ չի ուշանա:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Թեգեր` Արցախ












