Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ռուսական խոսքի օրեր Արցախում

Սեպտեմբեր 15, 2009թ. 16:18

Mshakujti tunԱրդեն երրորդ տարին է, Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Ռուսական խոսքի» օրեր: Այս անգամ դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև հայկական երկրորդ հանրապետությունը:

«Ռուսական խոսքի» օրերի շրջանակներում Հայաստանում գտնվող ռուսական արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ օրերս ժամանեցին Արցախ:

Հյուրերին դիմավորեցին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրիկ Գրիգորյանը` Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Տարին հռչակվել է երիտասարդական: Արցախ ժամանած խումբն էլ հենց այս տրամաբանությամբ էր կազմվել` ներառելով նոր սերնդի գրողներ, բանաստեղծներ, երգիչներ, լրագրողներ ու վերլուծաբաններ: Նրանց թվում էին հայտնի «Յուննոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարևը, վերլուծաբան, քաղաքագետ Անդրեյ Արիշևը և այլոք:

Ժամանած խմբին առաջինը հյուրընկալեց ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Հյուրերին հետաքրքրում էր Ղարաբաղի մասին ամեն ինչ` սկսած Ղարաբաղում ռուսերենի կարգավիճակից մինչև շփման գծում ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը: Մեկ հարց սակայն տարբեր ձևակերպումներով հնչեց բազմիցս. արդյո±ք նոր, երիտասարդ սերունդը չի ձգտի հեշտ ու ապահով կյանքի` այդ ճանապարհին անտեսելով նախորդ սերնդի համար անփոխարինելի համարվող արժեքները: Պաշտպանության նախախարարի պատասխանն անականկալ չէր.«Արցախում պատվավոր մահը գերադասում են նախկին կարգավիճակից»:

Նրանք, ովքեր առաջին անգամ չէին Արցախում, անծանոթ չէին այդ համոզմունքին: «Գուցե այլ վայրերում հնարավոր լինի ավելի ապահով ու հանգիստ կյանքի հեռանկարով ինչ-որ զիջողականություն ակնկալել երիտասարդներից, բայց ոչ այստեղ` Արցախում»,- գտնում է Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծաբան Անդրեյ Արեշեւը:

Շատ չանցած` հյուրերը պաշտպանության բանակի զորամասերից մեկում լինելու և արցախյան զինվորի առօրյային անձամբ ծանոթանալու հնարավորություն ունեցան: Որ արցախցի երիտասարդը հայրենասիրության լրացուցիչ դասերի կարիք չունի, նրանց համար արդեն առանց խոսքի պարզ էր: Այդ հայրենասիրության արմատներին հյուրերը ծանոթացան քիչ անց` Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանում:

Ժամանողները մեծ մասամբ մշակույթի և արվեստի մարդիկ էին: Այցի նպատակն ոչ միայն Արցախին ծանոթանալը, այլև տեղի նոր սերնդի ստեղծագործողների հետ կապերի հաստատումն էր: Այդ տրամաբանությանը միանգամայն համահունչ էր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած  հանդիպումը Արցախի մշակութային կոլեկտիվների ներկայացուցիչների և առանձին գործիչների հետ:

Հնչող բարեմաղթանքները մերթընդմերթ ընդմիջվում էին հյուրերի կատարումներով: «Սա կարող է հեռանկարային համագործակցության սկիզբ դառնալ»,- համոզված է ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: Իսկ այցի նախաձեռնողները խոստանում են,որ սա  վերջին հանդիպումը չի լինի: Դա լիովին համապատասխանում էր նաև մնացած հյուրերի տրամադրությանը:

Ուրեմն, հերթական հանդիպումը շատ չի ուշանա:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ


Թեգեր`

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`