Արցախի ժողովրդը պե’տք է արձագանքի
Դաշնակցությունը որոշել է շարունակել ու չդադարեցնել իր սկսած պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ «Հայաստանը չի հրաժարվել արտաքին քաղաքական դաշտում թույլ տված մի շարք սխալներից» և չի ընդունել իրենց առաջարկած փոփոխությունները: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարություների կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին` ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այսօր շատ կարևոր է Արցախի ժողովրդի ակտիվությունն ու միջամտությունը այս խնդրին, ինչը նրա կարծիքով զարմանալիորեն բացակայում է: «Եթե մենք այսօր չպայքարենք և Արցախն էլ այս հարցում համապատասխան կեցվածք չընդունի, ապա պարզ է` Թուրքիան կկարողանա պարտադրել մի այնպիսի պայմանագիր, որով կորոշվի նաև Արցախի ճակատագիրը` ի վնաս Արցախի»,- ասում է Հրանտ Մարգարյանը»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի«Ժողովրդավարահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի վերջին հայտարությանը, թե Ղարաբաղն ու հարակից շրջանները չպետք է գտնվեն հայկական զինուժի վերահսկողության տակ և որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է Ադրբեջանի շահերի պաշտպանությունը, պարոն Մարգարյանն անլուրջ է համարում մեկ պարզ պատճառով. « Թուրքիան արդեն իսկ խոսել է նախապայմաններից, որի մեջ շոշափվում է նաև ԼՂ-ի հիմնահարցը: Էրդողանը բազմիցս հայտարարել է և այսօր էլ չի հրաժարվում, որ իրենք միջամտելու են արցախյան հիմնախնդի կարգավորմանը: Դա ցույց է տալիս, թե որքան է շփացել թուրքական կողմը, որն սկսել է առավելագույնը պահանջել»: Հ. Մարգարյանին ցավ է պատճառում, որ մեր երկրի նախագահը կարող է ճանաչել Կարսի պայմանագիրը, ինչը շատ վտանգավոր կլինի և Արցախի համար»:
«Իսկ այս ընթացքում ԱԳ նախարարը փորձե՞լ է լսել դաշնակցականներին, գուցե հանկարծ որոշի համագործակցե՞լ իրենց հետ» հարցին պարոն Մարգարյանը պատասխանեց. «ԱԳ նախարարը ո՞ւմ հետ պետք է համագործակցի. նա թխել է այս արձանագրությունները: Նրա համագործակցության կարիքն արդեն ոչ ոք չի զգում: Հիմա ինքը մի ճանապարհ ունի. փախչել և թաքնվել այս ժողովրդից»:
Վ.Վ.












