Գլխավոր » Լրահոս

Թուրքիան այլընտրանք չունի

Սեպտեմբեր 17, 2009թ. 18:39

Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը կկայանա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղից մեկ օր առաջ` հոկտեմբերի 13-ին: Փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Շվեցարիայի ներկայացուցիչը, որից հետո այն կներկայացվի երկու խորհրդարանների վավերացմանը:

Իսկ մինչ այդ` Թուրքիայի արտգործնախարարը կշարունակի` խորհրդարանական կուսակցություններին   ներկայացնել արձանագրությունները:

Ներկայումս այս փաստաթղթերը Թուրքիայում լուրջ քննադատության են արժանանում: Ըստ ընդդիմադիր կուսակցությունների, այս բանակցություններից և նախաստորագրված արձանագրություններից հիմնականում շահում է միայն Հայաստանը: Եվ նույնիսկ առաջարկ կա, որ պաշտոնական Անկարան Հայաստանի հետ բանակցություններում որպես կողմ ներգրավի նաև Ադրբեջանին, ակնարկելով, որ եղբոր հետ նման կերպ չեն վարվում:

Ժողովրդա-հանրապետական  կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալն էլ այսօր  հայտարարել է, թե այս արձանագրությունները ծուղակ են Թուրքիայի դեմ: Նա ասել է. «Հնարավոր է, իրոք, արձանագրությունները խորհրդարանում չվավերացվեն, մինչև չազատագրվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, սակայն այստեղ բաց է մնում ապրիլ 24-ի հարցը»: Բայկալի կարծիքով, այդ ժամանակ իրենց կսպառնան` Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ. «Այդ դեպքում մեզ համար միակ ելքը կլինի բացել Հայաստանի հետ սահմանը»։

Այլ կերպ ասած` Թուրքիան հայտնվել է դժվարին կացության մեջ:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`