Թուրքիան այլընտրանք չունի
Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը կկայանա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղից մեկ օր առաջ` հոկտեմբերի 13-ին: Փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Շվեցարիայի ներկայացուցիչը, որից հետո այն կներկայացվի երկու խորհրդարանների վավերացմանը:
Իսկ մինչ այդ` Թուրքիայի արտգործնախարարը կշարունակի` խորհրդարանական կուսակցություններին ներկայացնել արձանագրությունները:
Ներկայումս այս փաստաթղթերը Թուրքիայում լուրջ քննադատության են արժանանում: Ըստ ընդդիմադիր կուսակցությունների, այս բանակցություններից և նախաստորագրված արձանագրություններից հիմնականում շահում է միայն Հայաստանը: Եվ նույնիսկ առաջարկ կա, որ պաշտոնական Անկարան Հայաստանի հետ բանակցություններում որպես կողմ ներգրավի նաև Ադրբեջանին, ակնարկելով, որ եղբոր հետ նման կերպ չեն վարվում:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալն էլ այսօր հայտարարել է, թե այս արձանագրությունները ծուղակ են Թուրքիայի դեմ: Նա ասել է. «Հնարավոր է, իրոք, արձանագրությունները խորհրդարանում չվավերացվեն, մինչև չազատագրվեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, սակայն այստեղ բաց է մնում ապրիլ 24-ի հարցը»: Բայկալի կարծիքով, այդ ժամանակ իրենց կսպառնան` Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ. «Այդ դեպքում մեզ համար միակ ելքը կլինի բացել Հայաստանի հետ սահմանը»։
Այլ կերպ ասած` Թուրքիան հայտնվել է դժվարին կացության մեջ:
Քրիստինե Մելքոնյան












