Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ե՞րբ ենք ունկնդիր լինելու Արցախի ձայնին

Սեպտեմբեր 17, 2009թ. 19:21

Stepanakert2Մինչ  Հայաստանում ակտիվորեն քննարկում են, թե որքանով են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Սակայն արցախցիները` որպես իրական հայորդիներ, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայկական երկու պետությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Ստեփանակերտից անընդհատ նոր ազդակներ են ստացվում, որոնց, սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը կարծես թե անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:

Սեպտեմբերի 14-ին Արցախից լրատվություն ստացվեց այն մասին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը շարունակում է առաջնային գծի ինժեներական շինությունների ամրացումը: 2 օր անց ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը: Նույն օրն Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Երևանում տպագրվել է ԼՂՀ ատլասը` հայերեն և ռուսերեն լեզուներով:

Վերոնշյալ լուրերի փոխկապակցումը  ցույց է տալիս, որ  բոլոր երեք դեպքերում էլ խոսքը Արցախի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության մասին է:  Ավելին, այցելելով ԼՂՀ ազատագրված շրջանները, Բակո Սահակյանը բազմիցս նշել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ «սուրբ հողերը» վերաբնակեցվեն արցախցիներով կողմից: Արցախի ղեկավարների նման դիրքորոշումը    արժանանում է բնակչության լիակատար  հավանությանը, ինչը պարզորոշ նկատելի է հասարակական քննարկումների ընթացքում: Եվ ուրեմն, կարելի է վստահորեն ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցն առնվազն արցախցիների համար արդեն լուծված է:

Մինչդեռ Երևանում շարունակվում են ակտիվ քննարկումները… Սերժը կհանձնի՞, Սերժը կստորագրի՞, Սերժը, Սերժը, Սերժը… Ահա այն արտահայտությունները, որոնցով  լեցուն է հայկական քաղաքական դաշտը: Բավական չէ՞ արդյոք: Ու՞մ է հարկավոր այս ինքնախարազանումը: Մենք հո մազոխիստ չե՞նք: Եկել է  ժամանակը, ականջալուր լինել Արցախի ձայնին, իսկ արցախցին արդեն արտահայտել է ազատ ապրելու իր ցանկությունը և նվաճել այդ իրավունքը ազատագրական պատերազմի միջոցով:

Հայաստանում այսօր կան մի շարք խնդիրներ, որոնց լուծումն օրհասական հարց է դարձել մեր հասարակության համար: Սակայն մենք շարունակում ենք զբաղվել այն հարցերով, որոնք արդիական էին առնվազն 15 տարի առաջ: Ստեղծված իրավիճակը լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում Հայաստանի դիրքին ու դերակատարությանը: Ուստի, որպեսզի հետագայում խուսափենք տհաճ հետևանքներից, անհրաժեշտ է ամփոփել այն, ինչը մենք արդեն ձեռք ենք բերել անցած տարիների ընթացքում, գնահատենք մեր կարողությունները, այսուհետև քաղաքականություն կառուցենք իրական  հիմքի վրա ու առաջ ընթանանք:

Այսօր հայությունն ունի երկու կայացած հայկական պետություններն, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած ավելի կենսունակ է, քան Հարավային Կովկասի ցանկացած այլ պետական կազմավորում: Ունենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակը և ամենաժողովրդավարական կառավարման համակարգը: Ունենք  իրավական  հզոր հիմք և կայուն զարգացող տնտեսություն: Ունենք միակամ հասարակություն և  իր հզոր ներուժով մայր հայրենիքին սատարող Սփյուռք: Առկա արժեքների համադրությունը մեզ հնարավորություն է տալիս  լինել ազդեցիկ պետություն ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Սև և Կասպից ծովերի ավազանում, ինչպես նաև մերձավոր Արևելքում և, ինչու ոչ` Արևելյան Եվրոպայում:

Սակայն, այս ամենով հանդերձ, ունենք նաև խնդիրներ: Դրանցից կարևորագույնը վերաբերում է Սամցխե-Ջավախքի հայությանը և ընդհանրապես Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակին: Հայտնի է, որ Վրաստանի տարածքով են անցնում Հայաստանի հիմնական առևտրային ճանապարհները: Իսկ Վրաստանն այսօր գտնվում է թուրք-էքսպանսիոնիստների ուշադրության կենտրոնում: Վրաստանի նախագահ Սահակաշվիլու կառավարության անհեռատես և անհավասարակշռված քայլերի արդյունքում  Վրաստանը հայտնվել է  լուրջ վտանգի առջև, ինչը կարող է  մարտահրավեր դառնալ նաև Հայաստանի պետական անվտանգության համար: Ուստի անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները Վրաստանի ուղղությամբ` նպատակ ունենալով  այնտեղ ձեռք բերել այնպիսի դիրք, որը հնարավորություն կտա ավելի կանխատեսելի և նույնիսկ վերահսկելի դարձնել պաշտոնական Թբիլիսիի քայլերը:

Շատ կարևոր խնդիր գոյություն ունի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների դաշտում: Ցավոք սրտի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը խիստ կապակցված է ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ, ինչը չի կարող բխել հայ ժողովրդի ազգային շահերից: Իրականում հայ-թուրքական հակամարտության կարգավորման հիմքերը գտնվում են բոլորովին այլ տեղում: Հայության համար շատ կարևոր է, որպեսզի այդ գործընթացն իր մեջ ներառի նաև հայերի ցեղասպանության և պատմական հայրենիքի մեծ մասի կորուստի պատճառով առաջացած վնասների փոխհատուցումը:

Եվ այսպես, հայկական երկու պետություններն իրենց առավելություններով ու դժվարություններով հանդերձ, այսօր   տարածաշրջանում քաղաքական լուրջ կշիռ ունենալու պատմական առաքելություն ունեն: Այնպես որ մեզ մնում է վստահ քայլերով առաջ շարժվել, առաջնորդվելով` «մեր հարցերը մենք ենք լուծելու» սկզբունքով:

Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`