Ե՞րբ ենք ունկնդիր լինելու Արցախի ձայնին
Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են, թե որքանով են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Սակայն արցախցիները` որպես իրական հայորդիներ, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայկական երկու պետությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Ստեփանակերտից անընդհատ նոր ազդակներ են ստացվում, որոնց, սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը կարծես թե անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:
Սեպտեմբերի 14-ին Արցախից լրատվություն ստացվեց այն մասին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը շարունակում է առաջնային գծի ինժեներական շինությունների ամրացումը: 2 օր անց ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը: Նույն օրն Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Երևանում տպագրվել է ԼՂՀ ատլասը` հայերեն և ռուսերեն լեզուներով:
Վերոնշյալ լուրերի փոխկապակցումը ցույց է տալիս, որ բոլոր երեք դեպքերում էլ խոսքը Արցախի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության մասին է: Ավելին, այցելելով ԼՂՀ ազատագրված շրջանները, Բակո Սահակյանը բազմիցս նշել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ «սուրբ հողերը» վերաբնակեցվեն արցախցիներով կողմից: Արցախի ղեկավարների նման դիրքորոշումը արժանանում է բնակչության լիակատար հավանությանը, ինչը պարզորոշ նկատելի է հասարակական քննարկումների ընթացքում: Եվ ուրեմն, կարելի է վստահորեն ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցն առնվազն արցախցիների համար արդեն լուծված է:
Մինչդեռ Երևանում շարունակվում են ակտիվ քննարկումները… Սերժը կհանձնի՞, Սերժը կստորագրի՞, Սերժը, Սերժը, Սերժը… Ահա այն արտահայտությունները, որոնցով լեցուն է հայկական քաղաքական դաշտը: Բավական չէ՞ արդյոք: Ու՞մ է հարկավոր այս ինքնախարազանումը: Մենք հո մազոխիստ չե՞նք: Եկել է ժամանակը, ականջալուր լինել Արցախի ձայնին, իսկ արցախցին արդեն արտահայտել է ազատ ապրելու իր ցանկությունը և նվաճել այդ իրավունքը ազատագրական պատերազմի միջոցով:
Հայաստանում այսօր կան մի շարք խնդիրներ, որոնց լուծումն օրհասական հարց է դարձել մեր հասարակության համար: Սակայն մենք շարունակում ենք զբաղվել այն հարցերով, որոնք արդիական էին առնվազն 15 տարի առաջ: Ստեղծված իրավիճակը լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում Հայաստանի դիրքին ու դերակատարությանը: Ուստի, որպեսզի հետագայում խուսափենք տհաճ հետևանքներից, անհրաժեշտ է ամփոփել այն, ինչը մենք արդեն ձեռք ենք բերել անցած տարիների ընթացքում, գնահատենք մեր կարողությունները, այսուհետև քաղաքականություն կառուցենք իրական հիմքի վրա ու առաջ ընթանանք:
Այսօր հայությունն ունի երկու կայացած հայկական պետություններն, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած ավելի կենսունակ է, քան Հարավային Կովկասի ցանկացած այլ պետական կազմավորում: Ունենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակը և ամենաժողովրդավարական կառավարման համակարգը: Ունենք իրավական հզոր հիմք և կայուն զարգացող տնտեսություն: Ունենք միակամ հասարակություն և իր հզոր ներուժով մայր հայրենիքին սատարող Սփյուռք: Առկա արժեքների համադրությունը մեզ հնարավորություն է տալիս լինել ազդեցիկ պետություն ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Սև և Կասպից ծովերի ավազանում, ինչպես նաև մերձավոր Արևելքում և, ինչու ոչ` Արևելյան Եվրոպայում:
Սակայն, այս ամենով հանդերձ, ունենք նաև խնդիրներ: Դրանցից կարևորագույնը վերաբերում է Սամցխե-Ջավախքի հայությանը և ընդհանրապես Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակին: Հայտնի է, որ Վրաստանի տարածքով են անցնում Հայաստանի հիմնական առևտրային ճանապարհները: Իսկ Վրաստանն այսօր գտնվում է թուրք-էքսպանսիոնիստների ուշադրության կենտրոնում: Վրաստանի նախագահ Սահակաշվիլու կառավարության անհեռատես և անհավասարակշռված քայլերի արդյունքում Վրաստանը հայտնվել է լուրջ վտանգի առջև, ինչը կարող է մարտահրավեր դառնալ նաև Հայաստանի պետական անվտանգության համար: Ուստի անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները Վրաստանի ուղղությամբ` նպատակ ունենալով այնտեղ ձեռք բերել այնպիսի դիրք, որը հնարավորություն կտա ավելի կանխատեսելի և նույնիսկ վերահսկելի դարձնել պաշտոնական Թբիլիսիի քայլերը:
Շատ կարևոր խնդիր գոյություն ունի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների դաշտում: Ցավոք սրտի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը խիստ կապակցված է ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ, ինչը չի կարող բխել հայ ժողովրդի ազգային շահերից: Իրականում հայ-թուրքական հակամարտության կարգավորման հիմքերը գտնվում են բոլորովին այլ տեղում: Հայության համար շատ կարևոր է, որպեսզի այդ գործընթացն իր մեջ ներառի նաև հայերի ցեղասպանության և պատմական հայրենիքի մեծ մասի կորուստի պատճառով առաջացած վնասների փոխհատուցումը:
Եվ այսպես, հայկական երկու պետություններն իրենց առավելություններով ու դժվարություններով հանդերձ, այսօր տարածաշրջանում քաղաքական լուրջ կշիռ ունենալու պատմական առաքելություն ունեն: Այնպես որ մեզ մնում է վստահ քայլերով առաջ շարժվել, առաջնորդվելով` «մեր հարցերը մենք ենք լուծելու» սկզբունքով:
Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ
Թեգեր` Արցախ, Բակո Սահակյա












