Գլխավոր » Լրահոս

Լավ է, երբ բացահայտվում է, թե` ով որ «աղբուրից» է իր քսակը լցնում

Սեպտեմբեր 23, 2009թ. 21:31

«Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ  շատ երկրներում` Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում Ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցանք և պատժվում է օրենքով:

Ըստ բանախոսի, Ցեղասպանության ընդունումը կամ ժխտումը  ամբողջ աշխարհում գնահատվում է  որպես ցեղասպանության վերջին` եզրափակիչ փուլ և այդ իրողությունը հերքելու ցանկացած փորձ, նպատակ է հետապնդում ճնշել վերապրողների ժառանգների հոգեկան ցավերը, վերացնել ու նսեմացնել նրանց և նրանց նախնիների հիշողությունը: «Այսպիսի պատվիրված, թե միտումնավոր քայլերով ինքներս մեր դեմ կազմակերպում ենք նոր ցեղասպանական ակտեր:  Ցեղասպանության ժխտումը ծնում է նոր ցեղասպանություններ»,-ասում է քաղաքագետ Ա. Այվազյանը:

Ա.Այվազյանին վրդովվեցրել է Ա. Իսկանդարյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, ուր վերջինս  տեսակետ է հայտնել, թե թուրք  պատմաբան Այբարս Գյորգյուլուն ուսումնասիրել է գործընթացներն այնպես, ինչպես դրանք կան, այլ ոչ թե այնպես, ինչպես որ դրանք ինչ-որ մեկը կուզեր տեսնել: «Սա առաջին անգամը չէ, որ Ա.Իսկանդարյանը կեղծում է Հայոց պատմությունը: Կան այլ բազմաթիվ դեպքեր, օրինակ` Մոսկվայում լույս տեղած մի գրքում Իսկանդարյանի թեթև ձեռքով հայոց պատմական փաստերը հանրությանը ներկայացվել են ամբողջությամբ կեղծված: Եթե մենք այժմ չկասեցնենք այսօրինակ դեպքերը, Իսկանդարյանն ու նրա նման բազմաթիվ այլ գործիչներ, կսկսեն մեծ հաճույքով հերքել Հայոց Ցեղասպանությունը»,- ասում է Ա.Այվազյանը: Փաստորեն «Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի» կողմից  հակահայկական  քաղաքականություն է իրականացվում Հայաստանում, ինչը վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը:

Ա.Իսկանդարյանը բացահայտորեն պաշտպանելով Գյորգյուլուի  հնարածին տեսակետը, կասկածի տակ է դնում աշխարհասփյուռ հայերի վկայություններն ու օտարերկրյա դիվանագետների արձանագրությունները Հայոց Մեծ Եղեռնի մասին: Եթե թուրքի դեպքում կարող ենք ասել, թե նա կատարում է իր պետության պատվերն` առանց ֆինանսական ակնկալիքի, ապա ի՞նչ կարելի է մտածել Ա. Իսկանդարյանի պարագայում: Ավելորդ անգամ փաստվում է, թուրքական այն տեսակետը, թե փողի դիմաց իր սեփական ազգին սկուտեղի վրա մատուցող մի հայ անպայման կգտնվի: Այսպիսով, ականատեսն ենք ծախվելու պատրաստ մարդկանց կողմից իրականացված  ստորագույն քայլի, որը մեկնաբանելն անգամ նրանց համար գովազդի պես մի բան է: Այնուհանդերձ, այս ամբողջ բացահայտումներում կա երկու ուրախալի փաստ. առաջին, որ ճանաչում ես, թե ով` ում առվից է «ջուր խմում», և երկրորդ` ինչքան շուտ իրենք իրենց բացահայտեն, այնքան շուտ մենք կկարողանանք ինքնամաքրվել:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`