Լավ է, երբ բացահայտվում է, թե` ով որ «աղբուրից» է իր քսակը լցնում
«Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ շատ երկրներում` Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում Ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցանք և պատժվում է օրենքով:
Ըստ բանախոսի, Ցեղասպանության ընդունումը կամ ժխտումը ամբողջ աշխարհում գնահատվում է որպես ցեղասպանության վերջին` եզրափակիչ փուլ և այդ իրողությունը հերքելու ցանկացած փորձ, նպատակ է հետապնդում ճնշել վերապրողների ժառանգների հոգեկան ցավերը, վերացնել ու նսեմացնել նրանց և նրանց նախնիների հիշողությունը: «Այսպիսի պատվիրված, թե միտումնավոր քայլերով ինքներս մեր դեմ կազմակերպում ենք նոր ցեղասպանական ակտեր: Ցեղասպանության ժխտումը ծնում է նոր ցեղասպանություններ»,-ասում է քաղաքագետ Ա. Այվազյանը:
Ա.Այվազյանին վրդովվեցրել է Ա. Իսկանդարյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, ուր վերջինս տեսակետ է հայտնել, թե թուրք պատմաբան Այբարս Գյորգյուլուն ուսումնասիրել է գործընթացներն այնպես, ինչպես դրանք կան, այլ ոչ թե այնպես, ինչպես որ դրանք ինչ-որ մեկը կուզեր տեսնել: «Սա առաջին անգամը չէ, որ Ա.Իսկանդարյանը կեղծում է Հայոց պատմությունը: Կան այլ բազմաթիվ դեպքեր, օրինակ` Մոսկվայում լույս տեղած մի գրքում Իսկանդարյանի թեթև ձեռքով հայոց պատմական փաստերը հանրությանը ներկայացվել են ամբողջությամբ կեղծված: Եթե մենք այժմ չկասեցնենք այսօրինակ դեպքերը, Իսկանդարյանն ու նրա նման բազմաթիվ այլ գործիչներ, կսկսեն մեծ հաճույքով հերքել Հայոց Ցեղասպանությունը»,- ասում է Ա.Այվազյանը: Փաստորեն «Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի» կողմից հակահայկական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում, ինչը վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը:
Ա.Իսկանդարյանը բացահայտորեն պաշտպանելով Գյորգյուլուի հնարածին տեսակետը, կասկածի տակ է դնում աշխարհասփյուռ հայերի վկայություններն ու օտարերկրյա դիվանագետների արձանագրությունները Հայոց Մեծ Եղեռնի մասին: Եթե թուրքի դեպքում կարող ենք ասել, թե նա կատարում է իր պետության պատվերն` առանց ֆինանսական ակնկալիքի, ապա ի՞նչ կարելի է մտածել Ա. Իսկանդարյանի պարագայում: Ավելորդ անգամ փաստվում է, թուրքական այն տեսակետը, թե փողի դիմաց իր սեփական ազգին սկուտեղի վրա մատուցող մի հայ անպայման կգտնվի: Այսպիսով, ականատեսն ենք ծախվելու պատրաստ մարդկանց կողմից իրականացված ստորագույն քայլի, որը մեկնաբանելն անգամ նրանց համար գովազդի պես մի բան է: Այնուհանդերձ, այս ամբողջ բացահայտումներում կա երկու ուրախալի փաստ. առաջին, որ ճանաչում ես, թե ով` ում առվից է «ջուր խմում», և երկրորդ` ինչքան շուտ իրենք իրենց բացահայտեն, այնքան շուտ մենք կկարողանանք ինքնամաքրվել:
Ա.Գ.












