Թուրք երիտասարդները Ցեղասպանության թանգարանից հեռացան ցնցված
<Ապագան քոնն է> հասարակական կազմակերպությունը Հայաստանում` ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այս տարվա ապրիլ ամսից իրականացնում է <Հանդուրժողականություն մշակութային և կրթական երկխոսության միջոցով> ծրագիրը, որի նպատակն է հայ և թուրք երիտասարդների մշակութային ու կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության, բարյացակամության մթնոլորտ և աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը: Ծրագրի շրջանակներում հուլիս ամսին Հայաստան էին այցելել 12 թուրք երիտասարդներ, ովքեր մասնակցել են մշակութային տարաբնույթ ձեռնարկների, ծանոթացել հայ ժողովրդի պատմությանը, նրա պատմամշակութային հուշարձաններին, այցելել տեսար-ան վայրեր:
<Հայ և թուրք երիտասարդների միջև նմանատիպ շփումները պետք է հիմնվեն հանդուրժողականության վրա, հակառակ դեպքում մշտապես կունենանք հակադրություն եւ փակ դռներ>,- մեզ հետ զրույցում նշեց <Ապագան քոնն է> կազմակերպության փոխնախագահ Գագիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, հայ եւ թուրք ժողովուրդները նույն միջավայրում բավական երկար ժամանակ են ապրել, ինչի ընթացքում ծնվել են շատ ընդհանրություններ. <Հենց ժամանման օրը, երբ Էջմիածնից վերադարձանք Երևան, հավաքույթի ժամանակ հայկական խումբը սկսեց երգել ազգային երգեր: Մեծ էր մեր զարմանքը, երբ նույն երգերը սկսեցին երգել նաև թուրքերը` թուրքերենով: Դա իսկական երկխոսություն էր, երբ նույն երաժշտությամբ, բայց տարբեր լեզուներով կատարում էին նույն երգերը: Երիտասարդներն սկսեցին հասկանալ միմյանց>: Այդ հանդիպումից անմիջապես հետո թուրքական խումբը միաձայն ցանկություն է հայտնում այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղից վերադառնում են ծանր տպավորություններով ու ապրումներով:
Գ. Սարգսյանը համոզված է, որ նման շփումները երկու երկրներին էլ ձեռնտու են. <Թուրքիայի երիտասարդ սերնդի մոտ կա Հայաստանի ու հայերի մասին տեղեկատվության 90-ամյա պակաս, 90 տարի շարունակ միայն հակահայ քարոզչություն են լսել, նրանք անտեղյակ են իրենց պատմության մութ էջերին, նման շփումները կարող են լրացնել այդ բացը>: Ծրագրի կազմակերպիչները վստահ են, որ թուրք երիտասարդները մեկնելով Թուրքիա` հայերի մասին շրջապատում միայն հայանպաստ տեղեկատվություն են տարածելու, իսկ Թուրքիայում համապետական ընտրություններին կընտրեն այնպիսի քաղաքական ուժի, որը Հայաստանի նկատմամբ կունենա դրական վերաբերմունք: <Մենք Հայ դատի գրասենյակների միջոցով մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի Թուրքիային վերջապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Բայց թուրքական իշխանություններին ճնշելու ամենահզոր մեխանիզմը հենց թուրք հանրությունն է, որը կստիպի իշխանությանը հածվի նստել պատմական անցյալի հետ: Թուրք երիտասարդությունն այսօր շատ ավելի գիտակից է և շատ լավ է հասկանում պետության` անցյալում իրականացրած սխալները>:
Հայ և թուրք երիտասարդների երկկողմ այցելությունները շարունակվում են. տեղեկացանք, որ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ին էլ 12 հայ երիտասարդներ, դարձյալ <Ապագան քոնն է> կամակերպության նախաձեռնությամբ, գտնվել են Թուրքիայում:
Սևակ ՀԱԿՈԲԸԱՆ
Թեգեր` Ապագան քոնն է, Թուրքիա












