Հոկտեմբերի 1-ը թեժ է լինելու
Հոկտեմբերի 1-ը սարերի ետևում չէ, և ընդամենը մի քանի օրից միաժամանակ կմեկնարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող խորհրդարանական և սփյուռքյան քննարկումները:
Օրերս հայտնի դարձավ, որ քննարկման աշխարհագրությունն ընդլայնվում է. հետաքրքիր է, թե այն ինչ ավարտ կունենա: Ո՞վ ում կհամոզի և որքա՞ն կլինի այդ քննարկումների օգտակար գործողության գործակիցը: «Ապագան ցույց կտա, թե Սերժ Սարգսյանի կատարած քայլը որքանով էր պատմական»,- վերջերս ԱԺ-ում տեսակետ հնչեցրեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Քայլի պատմական լինելու մասին խոսելու հնարավորություն դեռ կլինի, հիմա առավել հրատապ է ՀՀ նախագահի և սփյուռքի մեր հայրենակիցների միջև կայանալիք հանդիպման արդյունավետության մասին խոսելը: Արդյո՞ք այն ձևական բնույթ չի կրի, և որ առավել վտանգավոր է` չի՞ դառնա Հայաստան-սփյուռք երկփեղկման առիթ:
Հայտնի է, որ արտերկրի մեր հայրենակիցները ոչ պաշտոնական այս հանդիպմանը անհամբերությամբ են սպասում, նաև տեղեկություններ կան, որ հայկական գաղթօջախներում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն: Այնպես որ, սպասվում է բավական ակտիվ և աշխույժ քննարկումների շարք թե երկրի ներսում, թե դրսում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի սփյուռքյան այցելությունների մասին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը տեսակետ է հայտնել, թե` «Եթե նախագահը հանդիպի սփյուռքի ներակայացուցիչների հետ, կհասկանա, որ շատ սխալ գործ է սկսել»: Այլ տեսակետ է արտահայտում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, սփյուռքին ուղարկված մեսիջների հետևանքով մեր հայրենակիցների մոտ թյուր տեսակետ է ձևավորվել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Արցախի կամ Ցեղասպանության հաշվին է լինելու: «Նախագահն ինքը կներկայացնի խնդիրը: Այստեղ համոզելու անհրաժեշտություն չկա, պարզապես հարկավոր է իրողությունները ներկայացնել ըստ ամենայնի»,- ասում է Գ.Սահակյանը: Մինչ նախագահը կփորձի «իրողությունները ըստ ամենայնի» ներկայացնել, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարում է. «Սփյուռքում բոլորը դեմ են այս արձանագրություններին»: Մինչդեռ Գալուստ Սահակյանը լավատես է և ասում է, որ սփյուռքում դատողություններն ու տեսակետները միակողմանի լինել չեն կարող: «Մի բան է քաղաքական կուսակցությունների խոսքը, այլ բան է ժողովրդի խոսքը»,-ասում է ՀՀԿ փոխնախագահը:
Քաղաքական կուսակցությունների և ժողովրդի խոսքից բացի կա նաև երրորդ, ոչ պակաս կարևորություն ներկայացնող դիվանագիտական «խոսքը»: Հետաքրքիր է` երկրի ներսում և դրսում կազմակերպվող քննարկումների օգտակար գործողության գործակիցը որչափ կգնահատի մեր դիվանագիտական գերատեսչության ղեկավարը և, ի վերջո, ներկայացվելիք առաջարկները կներառվե՞ն արձանագրություններում, թե՞ ընդամենը որպես ձևական քայլ, կբավարարեն հանրության իրազեկման պահանջը:
Այնուամենայնիվ, թե քննարկումների արդյունքում ինչ պատկեր կձևավորվի, ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Ս. Բեջանյանը չցանկացավ վաղաժամ կանխատեսումներ անել: Նա տեղեկացրեց, որ «Սփյուռքը միակարծիք չէ այս հարցում և այնտեղ էլ կան և կողմ և դեմ արտահայտվողներ. այս պահին դեռ վաղ է որևէ եղրակացություն անել»:
Արմինե Գրիգորյան
Թեգեր` Հայ-թուրքական արձանագրություններ, Սերժ Սասրգսյան, Սփյուռք












