Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Բանկերը ե՞րբ կվերադառնան շուկա

Փետրվար 14, 2015թ. 13:47

Այն բանից հետո, երբ արժութային դաշտում ստեղծվեց անկայունություն, բանկերը դուրս եկան վարկային շուկայից։ Վերջին երկու ամիսներին արժութային շուկան արտաքուստ կայունացել է, բայց բանկերը չեն շտապում վերադառնալ։ Թե որքան կշարունակվի այդ վիճակը, հայտնի չէ։

Մի բան պարզ է, որ նման վիճակը չի կարող երկար պահպանվել, որովհետեւ այն ի վերջո հարվածում է ոչ միայն տնտեսությանը, որը զրկված է ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունից, այլեւ բանկերին։ Դրանք, առավել եւս Հայաստանում, գոյատեւում են գերազանցապես տոկոսային եկամուտների հաշվին։

Խոսքը ավանդների եւ տրամադրվող վարկերի տոկոսների տարբերության մասին է, ինչն էլ փակում է ոչ միայն բանկային համակարգի ծախսերը, ընդ որում՝ նաեւ միջնորդական այլ գործառույթների դեպքում, այլեւ ապահովում շահույթ։ Երբ դադարեցված է վարկերի տրամադրումը, չեն ստացվում նաեւ այդ եկամուտները։ Բանկերն այլ միջոց չունեն փակելու ընթացիկ ծախսերը։

Որքան երկար շարունակվի այս վիճակը, բանկերի ֆինանսական դժվարություններն այնքան խորանալու են։ Այսօր էլ նրանք կանգնած են այդպիսի խնդիրների առջեւ։ Պատահական չէ, որ առանձին բանկերում աշխատակազմերի օպտիմալացման ծրագրեր են մտմտում։ Մի բան, որ բնական է. եթե վարկ չի տրամադրվում, ապա, ասենք, վարկային մասնագետ պահելու անհրաժեշտություն էլ չկա։

Հայտնի է, որ վերջին շրջանում բանկային համակարգը գրեթե դադարեցրել կամ նվազագույնի է հասցրել վարկային գործունեությունը։ Ձեւավորված ռիսկերը եւ ի հայտ եկած սպասումները ստիպում են խուսափել դրամային վարկերի տրամադրումից, իսկ տարադրամային վարկերը ձեռնտու չեն հաճախորդների համար։

Ազգային արժույթի հնարավոր թուլացման սպասումների պայմաններում մեծանում է տարադրամային վարկերի վերադարձման ռիսկը։ Առավել եւս, որ դրամի վերջին արժեզրկումից հետո բազմաթիվ վարկառուներ կանգնած են վերցրած դոլարային միջոցները վերադարձնելու խնդրի առջեւ։

Մյուս կողմից՝ տարադրամային վարկերի տրամադրմամբ շահագրգռված չեն նաեւ բանկերը։ Առանց այն էլ համակարգում բարձրացել է վարկերի վերադարձման ռիսկայնությունը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նրանք հակված չեն ավելացնել ռիսկային վարկերի ծավալը։ Դրա հետեւանքով առաջացել է մի իրավիճակ, երբ նման վարկերի տրամադրումը մի կողմից ձեռնտու չէ հաճախորդների համար, մյուս կողմից՝ այդ հարցում շահագրգռված չեն նաեւ ֆինանսական հաստատությունները։

Այս պայմաններում շատ ավելի նպատակահարմար են ազգային արժույթով ձեռք բերվող վարկերը, սակայն դրանք չկան։ Բանկերը չունեն անհրաժեշտ դրամային միջոցներ՝ բավարարելու շուկայի պահանջարկը։ Դա էլ հանգեցրել է ներգրավվող դրամական միջոցների կտրուկ թանկացման։

Ինչպես հայտնի է, առանձին բանկեր դրամային անգամ կարճաժամկետ ավանդների դիմաց առաջարկում են այնպիսի բարձր տոկոսադրույքներ, որոնք երկար ժամանակ բանկային համակարգում չեն եղել։ Խոսքը ընդհուպ մինչեւ 18 տոկոսի մասին է։ Սա չափազանց բարձր տոկոսադրույք է, որը բնականաբար մեծացնում է այդ գումարների շրջանակներում վարկեր տրամադրելու գինը։

Պատահական չէ, որ դրամային վարկերի տոկոսադրույքն այսօր պակաս չէ 24 տոկոսից։ Նախկինում այդպիսին էին հիմնականում միայն սպառողական վարկերը։
Թեեւ դրամական միջոցների սղությունը հաղթահարելու համար բանկերը գնում են բարձր տոկոսներով դրամային ավանդների ներգրավման, այնուհանդերձ դա չի կարող հարցի լուծում լինել։ Բանկերին անհրաժեշտ են էժան դրամային ռեսուրսներ՝ վարկային քաղաքականությունը վերականգնելու համար։ Հակառակ դեպքում խնդիրներ կարող են առաջանալ համակարգի կայունության հետ կապված։

Ի տարբերություն դրամայինի, բանկերը, ըստ էության, ունեն անհրաժեշտ քանակության տարադրամային միջոցներ, բայց չեն շտապում դրանք փոխարկել ազգային արժույթով եւ տրամադրել դրամային վարկեր։ Պատճառը բարձր ռիսկայնությունն է։ Որքան էլ արժութային շուկայում արտաքուստ վերականգնվել է կայունությունը, չկան քիչ թե շատ կտրուկ դրսեւորումներ, այնուհանդերձ ձեւավորվել են ազգային արժույթի արժեզրկման որոշակի բացասական սպասումներ։

Դրանք ունեն նաեւ օբյեկտիվ հիմքեր. Խորացել են ներդրումային ռիսկերը։ Սպասվում է դրսից ստացվող ֆինանսական այլ հոսքերի կրճատում։ Արտաքին առեւտրի ոլորտից մեծ սպասելիքներ չկան։ Արտահանման հիմնական շուկաներում իրավիճակն այս պահին այնքան էլ նպաստավոր չէ տնտեսության համար։ Տրանսֆերտների մուտքերը պակասել են, հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական կայունությունը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։

Սրանք կարեւոր գործոններ են, որոնք ուղղակիորեն ազդում են ինչպես ֆինանսական կառույցների, այնպես էլ տնտեսության սպասումների վրա։ Թերեւս դրանք էլ խոչընդոտում են վարկային քաղաքականության վերականգնմանը՝ նույնիսկ արժութային շուկայի կայունության պայմաններում։

Ամեն դեպքում, դա չի նշանակում, որ ձեռքերը ծալած պետք է սպասել, թե երբ վիճակը կբարելավվի։ Անհասկանալի է, որ բարձր լիկվիդայնության պայմաններում բանկերը չեն շտապում նվազեցնել ներգրավվող տարադրամային ավանդների տոկոսները։
Մի բան, որ հնարավորություն կտա գոնե իջեցնել այդ գումարների տեղաբաշխման գինը՝ հետեւաբար կրճատելով նաեւ տնտեսավարողների ռիսկայնությունը։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն