«Մենք բոլորս հայ ենք»,- ասում է «Արի Տուն» ծրագրին մասնակցած մոսկվահայ ուսանողը
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության հյուրն էին «Արի Տուն» 2009թ. ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներ` Մոսկվայի Բաումանի անվ. պետական տեխնիկական համալսարանի ուսանողուհի Լիլիա Դիլանյանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ուսանողուհիներ Աննա Սահակյանը և Էռնա Գասպարյանը:
«Արի Տուն» ծրագրի կազմակերպման որակը, դրա շրջանակներում տեսածն ու իմացածը միայն լավ տպավորություններ էին թողել մոսկվահայ ուսանողուհիների վրա: Թեև Է.Գասպարյանն ամեն տարի գալիս է Հայաստան, սակայն «Արի Տուն» ծրագրի շրջանակներում այցելած շատ վայրերում նա չէր եղել: «Հայրենասիրությունից բացի, ուրիշ մի աննկարագրելի զգացում է քեզ համակում, երբ գիտակցում ես, որ քո նախնիները դարեր առաջ են արարել այդ հրաշքները»,- նշեց մոսկվահայ ուսանողուհին: Խոսելով ծրագրի մասնակիցների մասին` հավելեց. «Բոլորս հայեր ենք, թեև յուրաքանչյուրի վրա իր հետքն է թողել այն երկրի մենթալիտետը, ուր ապրում են»:
Է.Գասպարյանն առաջարկեց «Արի Տուն» ծրագրում ներառել նաև հանդիպումներ հայաստանցի դպրոցականների և ուսանողների հետ, ինչը հնարավորություն կտա սփյուռքահայ երիտասարդներին առավել տեղեկացված լինել իրենց հասակակիցներին հուզող խնդիրներին: Նա առաջարկեց նաև զարգացնել տեղեկատվական կապերը ՀՀ սփյուռքի նախարարության և Մոսկվայի հայկական կազմակերպությունների միջև:
Լ.Դիլանյանին հատկապես դուր էր եկել ծրագրի մասնակիցների հրաժեշտի երեկոն, Սևանը, Գառնին, Գեղարդը: Նա ձեռք է բերել մոսկվահայ և վիրահայ նոր ընկերներ, սակայն այլ երկրների սփյուռքահայ երիտասարդների հետ ընկերանալուն` ժամանակը չի բավականացրել: Դրան խոչընդոտել է մասամբ նաև արևմտահայերենի չիմացությունը: Մոսկվահայ ուսանողուհին ցանկություն հայտնեց արևմտահայերեն սովորել: Նա հուսով է, որ հաջորդ տարի նույնպես կկարողանա մասնակցել «Արի Տուն» ծրագրին:
Է.Գասպարյանը լեզվական խնդիրներ չի ունեցել և հասցրել է ընկերանալ նաև եվրոպական երկրներից ժամանած երիտասարդների հետ: Նրա ցանկությունն է, որ «Արի Տուն» ծրագրի նման նախագծեր հնարավորինս շատ իրականացվեն, որպեսզի, հայաստանյան իրողության դրական կողմերը տեսնելով, սփյուռքահայերն իսկապես ցանկանան վերադառնալ Հայրենիք:
Լ.Դիլանյանը քիչ հավանական համարեց իր` մոսկովյան բուհն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալը` կարծելով, որ ռոբոտատեխնիկայի մասնագետի համար այստեղ աշխատանք գտնելու հնարավորությունները փոքր են: Մինչդեռ նա տեղեկություններ չուներ Հայաստանի այդ և հարակից բնագավառներում գործող ընկերությունների մասին:
Միջազգային հարաբերությունների մասնագիտությունն ընտրած Ա. Սահակյանը հաստատ որոշել է վերադառնալ Հայաստան, քանի որ ցանկանում է մասնագիտական ուղին հարթել «հայրենի երկրի կանոններով»: Ապագա թարգմանիչ Է.Գասպարյանն էլ է հավատում, որ ցանկության դեպքում հրարավոր է Հայաստանում աշխատանք գտնել:












