Անկախության ձեռքբերումները
Անկախությունը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն
1993թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Անկախության հռչակումը բոլոր պետությունների համար ամենահիշարժան իրադարձություններից մեկն է, տոն, որ նշվում է պետական մակարդակով:
Յուրաքանչյուր աննշան իրադարձության առիթով հանրապետության հրապարակում պատրաստ ենք հսկայածավալ տոնախմբություններ կազմակերպել, սակայն, չգիտես ինչու, անկախության տոնը մեզանում այդպես էլ տոնախմբության չի վերաճում: Ինչպես միշտ, այս անգամ էլ այն մեզանում անուշադրության մատնվեց:
«Ի՞նչ տվեց մեզ անկախությունը, և որն է տոնի նկատմամբ հասարակության անտարբերության պատճառը»,- ի պատասխան ԱրմԱր-ի հարցին, Արամ Սարգսյանն ( ՀԴԿ) ասաց. «Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ՀՀ-ն անկախություն ստացավ: Դա արդեն անհերքելի փաստ է մեզ համար: Անկախության շրջանում ունեցանք բանակ, անկախ պետությանը բնորոշ ատրիբուտները, որոնք նախկինում չունեինք: Ցավոք, անկախության առաջին տարիներին երկրի զարգացումը գնաց սխալ ճանապարհով, և պետության նկատմամբ մեր ժողովրդի վստահությունն ու հպարտության զգացումն այսօր այն մակարդակում չեն, որ կարողանանք շուքով տոնել անկախության հռչակագրի ընդունման օրը: Ես կարծում եմ` ՀՀ առաջին իշխանություններից սկսած մինչև այսօր մեղավոր են, որ այսօր չկա տոնի ոգևորությունը: Իսկ դա մի տոն է, որով ցանկացած երկրի քաղաքացի իրավունք ունի հպարտանալու»:
Անտարբերության հիմնական պատճառը, ըստ Ա. Սարգսյանի, սոցիալական և բարոյաքաղաքական այն վիճակն է, որում այսօր գտնվում է մեր հասարակությունը:
Ստյոպա Սաֆարյանը (ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն) նկատեց, թե ոչ միայն հռչակագիրն է մոռացության մատնվել, այլև ընդհանուր առմամբ, հասարակական իրազեկվածության մակարդակը ցույց է տալիս, թե` իշխանություններից մինչև շարքային քաղաքացին, ինչ գիտելիքներ ունեն անկախության մասին և որքանով են այն կարևորում: «Ակնհայտ է, որ հասարակության մեջ տոնի և այն հիշելու զգացողությունն ու գիտակցումը չկա: Իշխանությունների մոտ էլ չկա տոնը պատշաճ նշելու ցանկություն` ի տարբերություն շատ այլ անհետաքրքիր օրերի, որոնք մեծ հրավառություններով են նշվում»: Սակայն այս ամենով հանդերձ, մենք ունեցանք ամենակարևորը.«Անկախության օրոք բանակ ունեցանք ու անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն ասաց, թե նշած երևույթը հետևանք է` անկախության, պետականության նկատմամբ վերաբերմունքի, որը ոչ միայն և ոչ այնքան տոն օրերին պետք է դրսևորվի, որքան ամեն օր, ամեն քայլափոխի և յուրաքանչյուր քաղաքացու կողմից, բայց առաջին հերթին` պետական պաշտոնյաների վարքում: Իսկ երբ դա չկա` մնացածն արդեն պարզ հետևանք է դառնում: «Անկախությունն ինքնին ոչինչ չի տալիս, բացի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հնարավորությունից: Մնացածն այդ ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու անելիքն է: Դա է պատճառը, որ աշխարհի ողջ պետությունների մի մասը հասել է մեծ հաջողությունների, մյուս մասը` ոչ այնքան, ուրիշներն էլ, ընդհանրապես, հաջողությունների չեն հասել»: Տ. Թորոսյանն այն համոզմանն է, որ եթե մեր ձեռքբերումներն այսօր քիչ են, բնական է, որ պետք է փնտրենք, թե որտեղ են թաքնված մեր սխալները, թե որտեղ ենք թերացումներ ունեցել: «Իսկ մեր ամենալուրջ ձեռքբերումը, բացի` ՀՀ գոյությունից, ԼՂՀ գոյությունն է, որովհետեև ինչքան էլ Ղարաբաղի հերոս ժողովուրդը պայքարեր իր անկախության համար, առանց ՀՀ գոյության այն հնարավոր չէր լինի պաշտպանել»: Միաժամանակ հավելելով` միայն բանակ ու անկախ Արցախ ունենալով հնարավոր չէ ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը. «Իսկ դա անպայման պետք է անել` արդարացնելու համար անկախ պետականություն ունենալու բարեբախտությունը»: Քանզի ԱԺ նախկին խոսնակի համոզմամբ` անկախությունը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն:
Ս. ՀԱԿՈԲՅԱՆ












