Գլխավոր » Լրահոս

Բոբ Սինկլերը Երևանում կամ սիրահարների այգու մեծ փորձությունը

Հուլիս 30, 2009թ. 14:45

Երեկ երեկոյան Սիրահարների այգում մեկնարկեց վաղուց սպասված միջոցառումը, որի պաստառները քաղաքի տարբեր հատվածներում փակցվել էին ավելի քան մեկ ամիս առաջ. Հայաստանում վահանակին տիրապետելու իր վարպետությունը ցուցադրեց ֆրանսիացի հանրահայտ DJ Բոբ Սինկլերը: Կարող ենք ասել, որ երիտասարդական բացօթյա միջոցառումների շարքում սա թերևս առայժմ ամենամեծն էր: Այն հաստատ ամենամեծ փորձությունն էր նաև դեռ 1 տարին չբոլորած այգու համար:

Երեկոյան ժամը 18-ից 9 ժամանոց համերգ-փառատոնը բացեցին մի քանի տեղական խմբեր` Ռեինկառնացիա, E.V.A., այնուհետև համերգը վերածվեց երեկույթի` բացօթյա բեմի վահանակի մոտ հրավիրելով նախ տեղացի DJ-ներին` առայժմ միակ իգական սեռի DJ Վակցինայի գլխավորությամբ: Բեմ բարձրացավ նաև Armenoids նախագիծը, որն էլ վերջնական պատրաստեց տաքացած հանդիսատեսին` դիմավորելու օրվա գլխավոր հերոսին` Բոբ Սինկլերին: Վերջինս իր ձեռքի հմուտ շարժումներով երաժշտություն տարածեց բացօթյա Երևանում կեսգիշերից սկսած: Սա երեկույթի կիզակետն էր. 90 րոպե շարունակ ողջ սիրահարների այգին` բավական խիտ բաշխված հանդիսատեսով, ոտքի վրա էր: Բաց երկնքի տակ գարեջրից բարձրացած տրամադրությամբ ու ծանոթ հնչյունների ներքո հայ երիտասարդներն անվերջ պարում էին:

Երեկոյի մուտքն ազատ չէր, տոմսերը 2 տեսակի էին` 5 հազար դրամ, որով կարելի էր մուտք գործել այգի ու զվարճանալ` «որտեղ, ինչպես կուզես» պայմանով, և 15 հազար դրամ, որով V.I.P. հյուր կհամարվեիր ու տեղ կունենայիր այգու սրճարանում: Մուտքի մոտ այցելուներին մանրակրկիտ ստուգում ու ներս էին թողնում անվտանգության ուժերը: Ողջ այգին պաստառապատված էր, թեև քիչ չէին մարդիկ, ովքեր դարպասների մոտ փորձում էին վերևից դիտել գիշերային զվարճությունը:

Երեկոն իր ձևաչափով, երգացանկով, հյուրերով իսկապես աննախադեպ էր. առաջին անգամ Երևանում կայացավ բացօթյա զուտ երիտասարդական միջոցառում, որը չունեցավ ակնառու կազմակերպչական խնդիրներ, անցավ առավելագույն անվտանգ մթնոլորտում և ի վերջո գիշերային բացօթյա մեծ զվարճություն դարձավ ամռան այս օրերին Երևանում մնացած երիտասարդների ու քաղաքի հյուրերի համար: Երեկոյի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը պարզ երևում էր ոչ միայն այգու տարածքում հավաքված մարդկանց քանակից, այլև անգամ կեսգիշերից առաջ այգու մուտքի մոտ ներս մտնելու համար առաջացած հերթերից:

Միջոցառումը նաև առաջին մեծ փորձությունն էր այգու համար: Անցած աշնանը վերաբացված սիրահարների այգին առաջին անգամ էր հյուրերի այսպիսի մեծ բազմություն ընդունում: Ավելին, միջոցառում, որն իր տեսակով ստիպում է ոտքի վրա մնալ ու պարել: Այգում երեկ գարեջրի շշերը սովորական էին դարձել, վերացել էին խոտածածկի հատվածը սահմանափակով պարանները, որոնք մշտապես հորդորում էին «Չտրորել», միայն վերջին ամսվա ընթացքում Բաղրամյան փողոցին հարող հատվածում էին թույլատրում հարմարվել խոտերի վրա ըստ ցանկության: Երեկ, այդ ցանկությունը մեկն էր` առավելագույն հարմար տեղ գտնել, պարել, զվարճանալ, անգամ պառկել ու վայելել օդում տարածվող պարային երաժշտության հնչյունները: Այգում անգամ առուներն էին ցամաքել, դրանցում երիտասարդների հոծ բազմություն իսկապես լիցքաթափվում էր:

Թե ինչպիսին կլինի այգին Բոբ Սինկլերին հյուրընկալելուց հետո, պարզ կդառնա առաջիկա օրերին: Հուսանք, որ ղեկավարությունն այսուհետ խոտերի վրա զվարճանալու հնարավորությունից չի զրկի նաև ամեն օր այգի այցելող սիրահարներին ու նաև երեխաներին:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`