Թուրքական լոբբին ահռելի գումարներ է ծախսում ԱՄՆ կոնգրեսում
Թուրքիան ընդգրկված է ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբինգ իրականացնող երկրների շարքում: Այդ մասին է տեղեկացրել թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով «ՊրոՊուբլիքա» լրագրողական հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալները, որը նրանց տրամադրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը:
Պարբերականը գրել է, որ Թուրքիան 2008 թ. ԱՄՆ կոնգրեսում լոբբիստական գործունեության ընթացքում ամենաշատ գումար ծախսած պետությունների թվում չորրորդն է: «ՊրոՊուբլիքա» -ի տվյալներով` Թուրքիան Կոնգրեսի հետ շփվել է 2267 անգամ, իսկ լոբբինգի նպատակով ծախսել է 4.2 մլն դոլար: Բացի այդ, կենտրոնի կարծիքով, Թուրքիան` ԱՄՆ կոնգրեսի օրակարգում հայտնված հայկական բանաձևի ահից, 2007թ. անցել է ավելի լայնամասշտաբ լոբբիստական գործունեության: Կոնգրեսի` Թուրքիայի հետ բարեկամության խմբակցության նախագահ Ռոբերտ Վեքսլերն էլ ճանաչվել է` որպես լոբբիստների հետ ամենաշատ հանդիպած կոնգրեսական:
Ըստ փաստաթղթի` լոբբինգի նպատակով ծախսած գումարների ծավալով առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են` 6 մլն դոլար, երկրորդում Մեծ Բրիտանիան է` 4.23 մլն դոլար, երրորդում` Ճապոնիան` 4.185 մլն դոլար:
armarlur.com












