«Երկար դասամիջո՞ց»…
Վերջին օրերին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունն էի սևեռել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հնարավոր փոխարինող` Թինա Քեյդենաուի անձի վրա:
Բրայզան, որն արդեն 3 տարի է, ինչ զբաղեցնում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը, այդ տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հասարակությանը անակնկալի է բերել իր տարօրինակ հայտարարություններով: Այս անգամն էլ բացառություն չէր. ամերիկացի նոր համանախագահի թեկնածության հարցն ավելի ակտիվ սկսեց շրջանառվել հենց նույն Բրայզայի թեթև ձեռքով, նրա` օգոստոսի 10-ին Թբիլիսիում արած հայտարարությունից հետո:
Փորձագետներից շատերն արդեն իսկ կանխատեսումներ են հնչեցնում, թե Թինա Քեյդենաուն, ով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում պետք է փոխարինի Մեթյու Բրայզային, կզբաղեցնի նաև Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը:
Թինա Քեյդենաուն դիվանագիտական իր կարիերան սկսել է դեռ Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին: 2008-ին նշանակվել է Կոսովոյում ԱՄՆ դեսպան և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև այս տարվա հուլիսի 1-ը:
Չսպասելով պաշտոնական հաստատման կամ հերքման, Ադրբեջանում արդեն սվիններով են դիմավորում նման նշանակման հեռանկարը: «Հնարավոր է, որ ԱՄՆ-ը որոշակի նմանություններ է տեսնում Կոսովոյի և Ղարաբաղի հակամարտությունների միջև,- նկատում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:-Բայց ինձ համար դա այնքան էլ լավ ազդանշան չէ: Որովհետև Կոսովոն վերջնական արդյունքում առանձնացավ Սերբիայից»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը:
Հնչել են նաև այլ տեսակետներ` արդեն 3-րդ կողմից. ԱՊՀ երկրների Կովկասյան Ինստիտուտի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը գտնում է, որ եթե նույնիսկ Թինա Քեյդենաուն նշանակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դա էապես չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն առաջին հերթին կախված է ԼՂՀ ժողովրդից և Հայաստանի ու Ռուսաստանի աջակցությունից»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:
Հավանականությունը, որ Թինա Քեյդենաուն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում կփոխարինի Մեթյու Բրայզային, չի ժխտել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` միաժամանակ նշելով նաև, որ դա չի նշանակում, թե Քեյդենաուն կզբաղեցնի նաև ԵԱՀԿ Միսնկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը:
Ամեն դեպքում` այս զարգացումները հուշում են, որ նախապատրաստվում է որոշակի արագացում հաղորդել հակամարտության կարգավորման գործընթացին: Սակայն գործընթացներին արհեստականորեն արագություն հաղորդելու` գերտերությունների սցենարը, միանշանակորեն մերժում են ԼՂՀ իշխանությունները: Երկրի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նկատել էր, թե «արագացումը» կարող տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն պայման համարվել: «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է նաև ԼՂՀ համար: Սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ցանկացած գնով կարգավորման` այն էլ անկանխատեսելի հետևանքներով: Մեզ համար կարգավորումը ամուր և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչին հնարավոր է հասնել միայն փաստացի իրադրությունները հաշվի առնելով»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳ ներկայացուցիչը, հավելելով, որ բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետևանքներ կունենա, և կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձևը ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը:
Ի դեպ, ԼՂՀ ԱԳ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, թե համանախագահներն առաջարկում են հակամարտության գոտում ընդհանրապես միջազգային խաղաղապահներ չտեղակայել:
«Պրն Բրայզան, ըստ էության, խոստովանեց, որ միջնորդների առաջարկած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, չի կարող իրագործվել և որ միջազգային հանրությունը ի վիճակի չէ կարգավորման առաջարկվող բանաձևի իրականացման դեպքում լիովին երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը»- նշում է Մարսել Պետրոսյանը:
Մյուս կողմից` աստիճանաբար ցրվում է այն մտավախությունը, թե մեր տարածաշրջանով հետաքրքրված խոշոր խաղացողները կարող են այս պահին համաձայնության որևէ եզր գտնել` տարածաշրջանում ստատուս-քվոն վերանայելու վերաբերյալ: Դեպքերի զարգացման նման սցենարի մասին առավել հաճախ խոսվեց ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո: Սակայն իրադարձությունների հետագա զարգացումները ցույց տվեցին, որ համաձայնության հասնելու առումով` այսօր Մոսկվան ու Վաշինգտոնը նույնքան հեռու են, որքան իրենց նախկին վարչակարգերի օրոք էին:
Այնպես որ` հակամարտության կողմերին էլի մի երկար «դասամիջոցի» հնարավորություն տրվեց:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ












