Գլխավոր » Մշակույթ, Վերլուծական, Վրաստան

Թիֆլիսահայ համայնքը վրացական տեղեկատվական դաշտի տիրույթում

Օգոստոս 25, 2009թ. 15:26

Ներկայիս գլոբալացվող աշխարհում օրըստօրէ  աճում է տեղեկատվության դերն ու նշանակությունը։ Տեղեկատվական համակարգն այսօր արդեն, կարծես թե, ի զորու է դարձել անգամ ձևավորելու անհատի մտածողությունն ու վարքաբանությունը։ Ըստ ժամանակակից հայտնի ամերիկյան հետազոտող, քաղաքագետ, մշակութաբան Բ.Անդերսոնի`  տպագիր արտադրանքի դերն ազգային ինքնագիտակցության ձևավորման (ավելացնենք  նաև վերազարթոնքի) գործում գրեթե իրեն հավասարը չունի[1]։

Մեր պարագայում տեղեկատվության դերն առավել քան կարևոր է, քանի որ ունենք սփյուռք։ Նման պայմաններում տեղեկատվական դաշտի առանձնահատկությունն էլ այն է, որ հայությունը գտնվում է բազմաթիվ և տարատեսակ, հաճախ իրար հակադիր, տեղեկատվական հոսքերի ազդեցության ոլորտում։ Այսինքն խնդիր ունենք ձևավորելու համայն հայությանը միավորող մեկ միասնական տեղեկատվական դաշտ։ Անշուշտ, կան ինտերնետային կայքեր կամ հեռոուստաալիքներ (օրինակ՝ Հ1-ը), որոնք ըստ էության հավակնում են միավորելու և ստեղծելու նման հարթակ, այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս մեր դիտարկումները, մի շարք պատճառներով դրանք ներկայանում են որպես չհաջողված փորձ։

Եթե, ըստ Անդերսոնի, տեղեկատվական միասնական համակարգը այս կամ այն պարագայում ունի ազգ ձևավորելու ներուժ, ապա ազգի արդեն փաստացի գոյության պայմաններում ազգային մտածողության տիրույթում այն ստանձնում է մի շարք այլ` նույնպես կարևոր գործառույթներ, որոնցից են`

  • ազգային մշակութային վերազարթոնքի խթանում,
  • ազգային և քաղաքական ինքնագիտակցության անընդհատական աճի ապահովում,
  • ազգային լեզվամտածողության ձևավորման օժանդակում,
  • ազգապահպան այլ միջոցառումներին նոր լիցքերի հաղորդում և այլն։

Այժմ քննարկենք այս խնդիրները թիֆլիսահայ համայնքի օրինակով և տեսնենք, թե ինչ տեղեկատվական տիրույթում են գտնվում մեր հայրենակիցները ՀՀ-ից աշխարհագրորեն ոչ հեռու մի բնակավայրում՝ Վրաստանի մայրաքաղաքում։

Հեռուստատեսություն.

Թիֆլիսահայ համայնքը, բնականաբար, գտնվում է տեղեկատվական այն քաղաքականության միջավայրում, որն իրականացվում է Վրաստանի իշխանությունների կողմից` Վրաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Այդ քաղաքականության ներդրման հիմնական խողովակը հեռուստատեսությունն է։ Ինչպիսի՞ն է այն քաղաքական և արժեհամակարգային առումներով։ Վրաստանի պետական քարոզչության առանձնահատկությունը, որն էլ ցայտուն դրսևորվում է հեռուստատեսային հաղորդումների միջոցով, ընդգծված արևմտամետությունն է` ծայրահեղ հակառուսականությամբ համեմված։ Նշենք նաև, որ ի տարբերություն ՀՀ-ի` Վրաստանում որևէ ռուսական հեռուստաալիք (ОРТ, РТР, Культура և այլն) չի հեռարձակվում։ Վրաստանի քաղաքացիները ցանկության և հնարավորության պարագայում ռուսական տեղեկատվական դաշտին կարող են առնչվել միայն արբանյակային կապի շնորհիվ։

Կտրված լինելով ռուսական իրականությունից, թիֆլիսահայ համայնքը միևնույն ժամանակ կտրված է նաև հայաստանյան լրատվական դաշտից։ Նորից միայն արբանյակային կապի շնորհիվ է, որ համայնքի անդամները կարող են հետևել Հ1, “Շանթ” և USArmenia հայկական հեռուստաալիքների հաղորդումներին։ Բայց մեր հայրենակիցներից շատերն էլ երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի, անընդհատ աճող ինֆլյացիայի և այլ գործոնների հետևանքով չունեն արբանյակային կապի հնարավորություն։

Մյուս կողմից էլ՝ այն հայ ընտանիքներում, որտեղ արբանյակային կապի շնորհիվ ընտանիքի անդամները կարող են դիտել հայկական Հ1, “Շանթ” և USArmenia հեռուստաալիքները, այնուամենայնիվ, գերադասում են դիտել ռուսական արբանյակային հեռուստաալիքները, և ավելի քիչ՝ հայկականը։ Այսպես, թիֆլիսահայության առավել երիտասարդ տարիքի անձինք, եթե ունեն արբանյակային հեռուստատեսություն դիտելու հնարավորություն, ավելի հաճախ դիտում են ռուսական ОРТ, НТВ, ТНТ և այլ հեռուստաալիքներ, որոնք առավելապես ժամանցային բնույթի են և հագեցված են ռուսական քրեական իրականությունը պատկերող սերիալներով։ Նման իրավիճակը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ տեղի հայության առավել երիտասարդ զանգվածը հիմնականում հայերեն լեզվին չի տիրապետում, փոխարենը տարիքային այդ շրջանակներում բավականին  տարածված և գործածական է ռուսերենը։

Իսկ հայկական տեղեկատվական եթերաժամի ունկնդիրների տարիքային շրջանակն ընդգրկում է հիմնականում 45-50-ից բարձր տարիքային անձանց։ Վերջիններս այդ հաղորդումները դիտում են ոչ այնքան տեղեկատվություն ստանալու նպատակով, որքան “մաքուր” հայերենը ըմբոշխնելու համար։ Ցավալին այն է, որ հայկական եթերի հաղորդումներից ամենաքիչ լսարանն ունեն տեղեկատվական-վերլուծական բնույթի հաղորդումները։ Փոխարենը՝ համայնքում մեծ ժողովրդականություն են վայելում ցածրորակ և ցածրաճաշակ հայկական հեռուստասերիալները, որոնց բացասական ազդեցությունը չի սահմանափակվում միայն կոպիտ բարքերի քարոզչությամբ, այլ նաև լուրջ հարված է հասցնում մայրենի լեզվին։ Այսպիսով, հայապահպան գործառույթ իրականացնելու փոխարեն հայկական եթերի միջոցով անցկացվում է հայապահպան առանցքային հիմքերից մեկի՝ հայոց լեզվի հետևողական աղճատման և ոչնչացման գործընթաց։

Հայտնի է, որ Եվրախորհրդի պահանջով Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ շաբաթական մեկ անգամ թիֆլիսահայությունը հնարավորություն ունի դիտելու հայերեն լեզվով հեռարձակվող մեկ հաղորդում՝ մոտ 22-25 րոպե տևողությամբ, չորեքշաթի օրը, ժամը 16.00-ի մատույցներում։ Այս եթերաժամը (մենք բազմիցս այդ մասին գրել ենք) բովանդակային առումով չի կարող բավարարել տեղի հայության տեղեկատվական պահանջարկը և թուլացնել տեղեկատվական վակումը, քանի որ նշված հաղորդման ընթացքում չի թույլատրվում հայաստանյան կամ արցախյան օրակարգից որևէ խնդրահարույց կամ քաղաքական ենթատեսքստով տեղեկատվության հեռարձակումը։ Այսպիսով, թիֆլիսահայ համայնքի ճնշող մեծամասնությունը ոչ հայաստանյան իրականության, ոչ էլ արցախյան անցուդարձի մասին գրեթե չունի որևէ սպառիչ տեղեկատվություն կամ գոնե մակերեսային պատկերացում Հայության առջև այսօր ծառացած օրակարգային քաղաքական հարցերի մասին։

Ինչ վերաբերում է վրացական հեռուստաալիքներին, ապա դրանք կարելի է բաժանել մի քանի չափորոշիչներով, այդ թվում՝ իշխանական և ընդդիմադիր[2]։ Բայց հայկական խնդիրներով մտահոգված անհատի համար այս չափորոշիչն այնքան էլ էական չէ, քանի որ Վրաստանում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը բոլորովին մտահոգված չեն ազգային փոքրամասնությունների խնդիրներով՝ որևէ կուսակցության կամ քաղաքական հոսանքի կողմից շրջանառվող քաղաքական օրակարգում և ելույթներում նման խնդիրները շրջանցված են։

Արևմտյան հեռուստաալիքներից հեռարձակվում են CNN և “Euronews”-ը, բայց դրանք մեծ ժողովրդականություն չեն վայելում։ Ինչ վերաբերում է ֆրանսիական, իտալական, բրիտանական կամ այլ արևմտյան արբանյակային հեռուստաալիքներին, ապա պետք է ասել, որ դրանք նույնպես տարածված չեն, հիմնականում լեզվական արգելքների պատճառով։

Հայկական ռադիոժամ (իսկ ավելի ճիշտ՝ ռադիո-րոպե).

Թիֆլիսահայերը Հայաստանի մասին հայերեն կցկտուր տեղեկություններ կարող են ստանալ ռադիոեթերով, որը տևում է ընդամենը 5 րոպե, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Այն նույնպես լսում են հիմնականում մեծահասակները, այն էլ ոչ համատարած։

Ինտերնետային կայքեր.

Տեղեկատվության տարածման ժամանակակից միջոցներից է ինտերնետը։ 2005թ.-ից թիֆլիսահայ իրականության մեջ գործարկվեց առաջին և միակ հայկական կայքէջը[3], որն իրավամբ մեծ դեր խաղաց համայնքում հայապահպանության խնդիրների արծարծման, հայ-վրացական հարաբերությունների համապարփակ քննարկման, համահայկական քաղաքական օրակարգի մասին տեղեկատվության տարածման տեսանկյունից։ Կայքէջը մեծ թվով այցելուներ ուներ, քանի որ կայքում գործում էր նաև մշտական ֆորում, որտեղ տարբեր թեմաներով քննարկումներին ակտիվ մասնակցում էին ոչ միայն թիֆլիսահայերը, այլև երիտասարդներ Հայաստանից և Սփյուռքից։ Կայքը ռուսալեզու էր, քանի որ, ինչպես վերն արդեն նշեցինք, թիֆլիսահայ երիտասարդների շրջանում տարածված է հիմնականում ռուսերենը։ Նման կայքի գոյությունն ինքնին արդեն մեծ առաջընթաց էր թիֆլիսահայ իրականության համար, թեպետ կայքը չէր կարող համայնքում զանգվածային լրատվական ծառայության դեր ստանձնել, քանի որ ինտերնետից օգտվում են սահմանափակ քանակով անձինք։ Ցավոք, պետք է նշենք, որ այս կայքն այսօր այլևս չի գործում։ Փաստորեն, թիֆլիսահայ համայնքը չունի որևէ ինտերնետային կայք[4]։

Տպագիր մամուլ.

Թբիլիսիի տեղեկատվական դաշտում հայկական տարրը և թեմատիկան թույլ է ներկայացված։ Եթե անգամ վրացալեզու մամուլը քննենք, ապա կտեսնենք, որ հայ-վրացական հարաբերություններին առնչվող խնդիրները և ընդհանրապես հայության հետ կապված ցանկացած թեմա լուսանցքային տեղ է գրավում տեղեկատվական դաշտում։ Եթե առանձին հոդվածների հանդիպում ենք, ապա դրանք հիմնականում համեմված են բացասական երանգներով, առավել ևս, եթե քննարկվում է ջավախահայության համատեքստում որևէ հարց։ Վրաստանում առավել կարդացվող են հետևյալ օրաթերթերը՝ «Ռեզոնանսի», «Ալիա» (լույս է տեսնում շաբաթական 4 անգամ), «Ախալի Տաոբա», «Մերիդիանի», «Կավկասիոնի», «7 դղե» (հայերեն՝ 7 օր), «Ազատ Վրաստան», «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» և  այլ։ Դրանց տպաքանակը մոտ 10 000 – ից մինչև 15 000-ի շրջանակներում է և տարածվում է ամբողջ Վրաստանով։ Բոլորն էլ մասնավոր թերթեր են, բացառությամբ պետական դոտացիայով հրատարակվող վերջին երկու թերթերից՝ «Ազատ Վրաստան» և «Սաքարթվելոս ռեսպուբլիկա»։

Վրաստանում տարածվում են նաև ռուսալեզու հրատարակությունները։ Թեև սահմանափակ քանակությամբ, բայց մշտական ընթերցողներն ունեն “Аргументы и факты”, “Комсомольская правда”, “Независимая газета”, “Известия” և “Совершенно секретно” թերթերը (տպաքանակը՝ 1500-ից մինչև 2000)։

Ինչ վերաբերում է հայատառ մամուլին, ապա այստեղ իրավիճակը նույնպես անմխիթար է։ Կարելի է խոսել հայալեզու տպագիր մամուլի գրեթե բացակայության մասին։ Այսպես. Թբիլիսիում լույս է տեսնում համապարփակ տեղեկատվություն տրամադրող հայերեն ընդամենը 1 թերթ՝ «Վրաստան»-ը։ Այն պաշտոնական թերթ է (խմբ.՝ Վ.Բայբուրթ), այդ իսկ պատճառով տեղի հայության կողմից թերթն ընկալվում է որպես վրացական իշխանությունների խոսափող։ Այն չի կարող բավարարել հայկական թեմատիկայի նկատմամբ առկա տեղեկատվական պահանջարկը։ Թերթում հիմնականում զետեղվում է պաշտոնական լրահոսը և վրացալեզու պաշտոնական թերթերի համեմատ ավելի մանրամասն նյութեր հայ-վրացական միջպետական մակարդակի հանդիպումների ու քննարկումների մասին։ Բոլոր նյութերը ոչ թե դիսկուրսային լեզվով են ներկայացված, այլ պաշտոնական տեղեկատվության լեզվով, ինչը ենթադրում է հաստատագրված, քննարկման չենթարկվող տեսակետ և այդ տեսակետի ներարկում հանրային գիտակցության մեջ։ Այս թերթի էջերում որևէ խնդիր չի քննարկվում, որը կարող էր առնչվեր հայապահպանությանը կամ համայն Հայության օրակարգային հարցերին։

Հայերին առնչվող, բայց ոչ հայալեզու հրատարակություն էլ կա, որը սահմանափակ տեղային խնդիրներ է դրել իր առջև։ Այսպես, «Նոր սերունդ» ՀԿ ջանքերով լույս է տեսնում համանուն թերթ ռուսալեզու հայ ընթերցողների համար։ Թերթի էջերում առավելապես լուսաբանվում են նշված կազմակերպության գործունեությանն առնչվող և ՀԿ սեկտորին վերաբերող խնդիրներ։ Բայց այն ևս զանգվածային լրատվամիջոց չի կարելի համարել, քանի որ նույնպես ընթերցողների թեմատիկ սահմանափակ հասցեականություն ունի և հաճախ լույս է տեսնում ընդհատումներով։

Թերևս սփոփիչ է միայն հայալեզու «Նորաշեն» հանդեսի հրատարակության փաստը։ Հանդեսի անդրանիկ համարում կարդում ենք. «Նոր պարբերականը ծառայելու է հայության միասնականության ամրապնդմանը, հուզող հիմնախնդիրների վերհանմանն ու դրանց հնարավոր լուծմանը։ Այն դառնալու է հայության տարբեր շերտերի ու դիրքի ներկայացուցիչների համար մտքերի և կարծիքների արտահայտման միջոց»[5]։ Հանդեսը, համայնքին հուզող թեմաներից զատ, անդրադառնում է նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, ծեսերի նկարագրությանը, դրանց խորհրդի պարզաբանմանը և այլն։ Այսօր այն մեծ տեղ է զբաղեցնում համայնքի տեղեկատվական հոսքերի հորձանուտում և, կարծես թե, աստիճանաբար դառնում է էլ ավելի պահանջարկված հանրության կողմից։ Այն հրատարակվում է ՀԱԵ Վիրահայոց թեմի կողմից և մեծապես նպաստում է համայնքում թեմի հեղինակության բարձրացմանը։ Դրա վառ ապացույցն այն է, որ բոլորովին վերջերս թիֆլիսահայ համայնքում արդեն տարածում է գտնում այն տեսակետը, որ համայնքը այսուհետ պետք է եկեղեցական տոները նշի հայկական տոնացույցին համահունչ՝ նույն օրը, ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում (հետխորհրդային տարիներից սկսած տեղի հայության շրջանում եկեղեցական գրեթե բոլոր տոները նշվում էին Վրաց Ուղղափառ եկեղեցու տոնացույցով, ինչը մեր կողմից առաջներում մատնանշվել էր որպես հայապահպանության համատեքստում բացասական երևույթ)։

Հետևություն.

Այսպես՝ թիֆլիսահայությունը գրեթե ամբողջությամբ գտնվում է վրացական տեղեկատվական դաշտի գաղափարական տիրույթում։ Դրա արդյունքներից էր, օրինակ, այն, որ ռուս-վրացական պատերազմի օրերին թիֆլիսահայ համայնքում գոյություն ուներ հայության ստվար զանգված (հիմնականում՝ երիտասարդներ), որն ուներ հակառուսական տրամարդվածություն և արդարացնում էր Մ.Սահակաշվիլու գործողություններն ու քաղաքականությունը։ Մենք այստեղ չենք քննարկում ռուս-վրացական հակամարտությունը և այդ հակամարտության ընթացքում երկու հակադիր տեղեկատվական դաշտերից որևէ մեկի օբյեկտիվության աստիճանը։ Պարզ է, որ դրանք տեղեկատվական պատերազմում ընդգրկված երկու բևեռների՝ վրացական և ռուսական, պայքարն էր։ Մեզ խնդիրը հուզում է այլ տեսանկյունից։ Փաստորեն, թիֆլիսահայ համայնքը գտնվում է բոլորովին այլ տեղեկատվության տիրույթում, որը չի համապատասխանում հայաստանյան օրակարգին։ Այս իրավիճակի ուղղակի հետևանքը լինելու է հայության երկու հատվածների հայաստանցիների (նաև արցախցիների) և թիֆլիսահայերի միջև անջրպետի խորացումը, քանի որ թիֆլիսահայերի շրջանում հետզհետե տարածվում է Վրաստանակենտրոն մտածողությունը, ինչն էլ խոչընդոտում է Հայաստանակենտրոն մտածողությանը, որն, ի միջի այլոց, առանց այն էլ բավական թույլ է արտահայտված մեր հայրենակիցների մոտ։ Փաստացի, հայաստանցիները և թիֆլիսահայերը գտնվում են իրար բոլորովին հակադիր տեղեկատվական հոսքերի ազդեցության ներքո, հետևաբար նաև տարբեր մտածողության, արժեհամակարգերի, տրամաբանության, փիլիսոփայության, քաղաքական հարթությունում ընդունված վարքաբանական տարբեր նորմերի տիրույթում։

Ամփոփում.

Այսպիսով, թիֆլիսահայ համայնքում հայկականության պահպանման համատեքստում անցկացվելիք անհրաժեշտ միջոցառումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում տեղեկատվական դաշտում հայկական տարրի ներկայության ապահովումն ու որոշակի դերակատարությունը։ Իսկ շուկայական հարաբերությունների պայմաններում գրեթե անընդունելի է մի իրավիճակ, երբ հայալեզու տեղեկատվական դաշտը համարյա ամբողջությամբ գործում է Վրաստանի պետական և վերահսկվող դոտացիոն հովանավորմամբ։

Առաջարկություն.

Խնդրի լուծման համար անհրաժեշտ են ֆինանսավորման այլ աղբյուրներ, որոնք հնարավորություն կընձեռեն նաև որոշակիորեն ազատ տնօրինել ոչ միայն տեղեկատվության տարածման տևողության, ծավալի, այլև, որն ամենակարևորն է՝ բովանդակության հետ կապված հարցերը։

Ըստ մեր դիտարկումների՝ համայնքի տեղեկատվական դաշտում գրեթե բացակայում են.

  • • Թիֆլիսում հայերին (հատկապես երիտասարդությանը) հուզող թեմաների մասին նյութեր,
  • • քաղաքական զարգացումների վերաբերյալ նյութեր կամ վերլուծականներ, որոնցում կկարևորվեն ՀՀ և համայն հայության շահերը,
  • • Ջավախքի մասին նյութեր (այսօր թիֆլիսահայությունը միայն վրացական ԶԼՄ-ներից է ստանում լուրերը Ջավախքից, այսինքն՝միջնորդավորված, խեղաթյուրված, վրացակենտրոն),
  • • լուրեր Հայաստանից, Արցախից, Սփյուռքից։

Այս հարցի լուծման համար հնարավոր է նաև միջազգային դրամաշնորհների օգտագործումը, բայց այն խիստ սահմանափակ է և հղի նոր մարտահրավերներով, հետևաբար այդ դրամաշնորհներով էլ այս խնդրի լուծումը գրեթե անհնար ենք համարում։

Սփյուռքի ցանկացած համայնքում տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծումը պահանջում է հետևողական և համապարփակ մոտեցում, ինչը հնարավոր է միայն տեղեկատվական ոլորտում հայկական ֆինանսական ներդրումների՝ հայկական կապիտալի շնորհիվ։

Թամարա Վարդանյան

Պատմական գիտությունների թեկնածու


[1] Այս մասին մանրամասն տե՛ս Андерсон Б., Воображаемые сообщества, М., 2001.

[2] Վերջիններիս թիվը բավական սահմանափակ է և նրանց անխափան գործունեության համար անընդհատ խոչընդոտներ են հարուցվում։ Այսպես «Մաեստրո» հեռուստաալիքը վերջին շրջանում ուղիղ եթերով հեռարձակում էր Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլու դեմ ընթացող բողոքի ակցիաները, որտեղ ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը։ Սույն թվականի մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ռումբի պայթյուն էր որոտացել հեռուստաալիքի շենքում։ Իսկ մյուս ընդդիմադիր “Կավկասիա” հեռուստաալիքի առջև ֆինանսական խնդիրներ հարուցվեց՝ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ստիպում էր տեղի գործարարներին այս հեռուստաալիքի տնօրինաության հետ գովազդների համար պայմանագրեր չկնքել, ինչի արդյունքում հեռուստաալիքը մեծապես տուժեց։

[3] http://www.armenia.ge

[4] Եթե համեմատենք անգամ Իրանում տիրող իրավիճակի հետ՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական հանրապետության պետական կառավարման համակարգի որոշ առանձնահատկություններն ու ներքին կյանքի վերահսկման ավանդույթները, ապա կտեսնենք, որ անգամ իրանահայերն ունեն մի քանի կայքէջեր և վեբ-բլոգեր։

[5] http://www.armenia.ge/norashen_2_arm.pdf.


Դիտել Մշակույթ, Վերլուծական, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`