Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները
Մեր երկրի դիվանագիտական գերատեսչությանը օգտակար լինելու ակնկալիքով` Armar.Am կայքի շրջանակներում մենք կներկայացնենք հարևան երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները: Հուսով եմ, որ սույն հոդվածաշարն իր համեստ ներդրումը կունենա ավելի համարձակ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու համար:
Ժամանակն է «պարզել» հարցերը մեր հարևանների հետ
Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է բավականին լուրջ քաղաքական մարտահրավերների առջև: Լինելով աշխարհի կարևորագույն տարածաշրջաններից մեկի մաս կազմող երկիր` Հայաստանը հայտնվել է այնպիսի գերտերությունների շահերի բախման կիզակետում, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը և այլն: Այս իրողությունն ստիպում է, որպեսզի Հայաստանը վարի ճկուն արտաքին քաղաքականություն, որն ուղղված կլինի մեր երկրի կենսական շահերի պաշտպանությանը:
Բավականին երկար ժամանակ արտաքին աշխարհի հետ շփման համար Հայաստանը որդեգրել էր այսպես կոչված «կոմպլեմենտար» («հավասարակշռված») քաղաքականություն, որը, պարզապես, հարմարվողականություն էր ենթադրում: Չնայած այն հանգամանքին, որ «կոմպլեմետար» քաղաքականության հեղինակներ են համարվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը, այնուամենայնիվ նման զիջողական քաղաքականությունն արմատներով հասնում է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման առաջին տարիներին, երբ նա ամեն կերպ փորձում էր խանգարել Արցախում մարտնչող հայորդիներին ազատագրել, օրինակ` Քարվաճառը:
2008 թվականին իշխանության եկած Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն սկզբնական շրջանում միջազգային հանրության կողմից կոչվեց նախաձեռնողական: Այդպիսի եզրակացությունների համար հիմք էր հանդիսացել Սարգսյանի կողմից Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու նպատակով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երևան հրավիրելու փաստը: Սակայն Սարգսյանի քաղաքական այդ «ակտիվությունը» բավականին կարճ կյանք ունեցավ: Այն չդիմացավ հարևան երկրների ամենափոքր իսկ դիմակայությանը: Պաշտոնական Երևանը հասկացավ, որ Արևմուտքը, ոգևորելով հայկական կողմին` քաղաքական բարձր գնահատականներով (նախաձեռնողական քաղաքականություն, քաղաքական կամք և այլն), պարզապես դրդում էր Հայաստանին զիջողականության: Արդյունքում` Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է ծանր ընտրության առջև` անգործության և զիջողականության միջև:
Այսօր Հարավային Կովկասը կանգնած է բարդ քաղաքական զարգացումների առջև: Ռուս-վրացական «Հինգօրյա պատերազմից» հետո այս տարածաշրջանում ձևավորված ստատուս-քվոն ամբողջովին խաթարվել է: Այս փաստը պահանջում է տարածաշրջանի երկրներից վերանայել իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչը և տեղի է ունենում ներկայումս: Այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ է տանում Ադրբեջանի ղեկավարությունը: Պաշտոնական Բաքվի առաջնահերթությունների շարքում են` ԼՂՀ-ի հետ հակամարտության միջազգայնացումը, Կասպյան ավազանում Ադրբեջանի դիրքերի հզորացումը, Վրաստանի վրա ճնշման ուժեղացումը, տարածաշրջանում Իրանի քաղաքական դիրքերի թուլացումը, Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունից զանազան դիվիդենտներ քաղելը և այլն, և այլն:
Նմանատիպ բազմակողմանի ուղղվածություններով աչքի է ընկնում նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Օգտվելով աշխարհագրական հիանալի դիրքի առավելություններից, Վրաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության հիմքում դրել են երկրի տարանցիկ հնարավորությունները: Պաշտոնական Թբիլիսին այսօր աշխարհի առջև ներկայանում է իբրև Արևելքն Արևմուտքի հետ կապող գլխավոր մայրուղի: Եվ, ելնելով այդ «կարևոր դիրքից», վրացիները փորձում են Արևմուտքի ուսերին բարդել իրենց երկրի բոլոր խնդիրները` սկսած տարածքային վիճաբանություններից Աբխազիայի և Օսեթիայի հետ` ավարտելով Վրաստանի կառավարության գործունեության ֆինանսավորմամբ արևմտյան ֆոնդերի կողմից: Վրաստանի իշխանությունները բավականին սերտ համագործակցում են եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կառավարությունների հետ` ձգտելով ինտեգրվել Արևմտյան քաղաքական, տնտեսական և ռազմական կառույցներին:
Արտաքին քաղաքականության ոլորտում հարևան երկրների նման ակտիվության ֆոնին` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի քան խղճուկ է երևում: Իսկ եթե Ադրբեջանի ու Վրաստանի այդ ակտիվությանը գումարենք նաև Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ-ի նախաձեռնողական քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ապա պատկերն էլ ավելի ողբերգական տեսք կստանա: Այս պարագայում ուղղակի օրակարգային անհրաժեշտության խնդիր է դառնում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերանայումը, վերամշակումն ու իրականացումը:
Ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունները հանգում են ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ու Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Վերջին տարիների ընթացքում արտաքին քաղաքական դաշտում այլ հետաքրքրվածություններ չեն նկատվել: Համագործակցությունն այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների հետ առավելապես դեկլարատիվ բնույթ է կրում: Բացի այդ, նման համագործակցության պարագայում որպես նախաձեռնող կողմ` հիմնականում հանդես են եկել ոչ թե մեր դիվանագետները, այլ միջազգային գործընկերները: Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը կամ Արցախի հակամարտության կարգավորմանը, ապա այս պարագաներում էլ երբեք գոյություն չի ունեցել ռազմավարական այնպիսի ծրագիր, որի հաջող իրականացման պարագայում Հայաստանը կկարողանար լուծել իր առջև դրված խնդիրները: Այս ամենը վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության` որպես այդպիսին` իսպառ բացակայության մասին: Ցավալի է, բայց` փաստ:
Նման պասիվությունն արտաքին քաղաքական դաշտում բավականին դժվար խնդիրներներ է առաջացրել Հայաստանի Հանրապետության համար: Դրանք հաղթահարելու համար մեր երկիրը դեռևս մի քանի տարվա ճանապարհ ունի անցնելու: Սակայն ներկայումս, երբ վերոնշյալ ստատուս-քվոն մեր տարածաշրջանում խափանվել է, նման արտաքին քաղաքականությունը կարող է մահացու դառնալ մեր պետականության համար: Ուստի անհրաժեշտ է վերջապես «ուշքի գալ» և «պարզել» հարցերը մեր հարևանների հետ:
ArmAr.am












