Մեծ Բրիտանիայի դեսպանի «փոքրիկ վրիպումները»
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիք Բերդը Hürriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան կարողանա առաջընթաց արձանագրել հայկական, քրդական և Կիպրոսի հարցերում, դա կկայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, թե Թուրքիայի կառավարությունը համարձակ քայլ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և ցանկանում է կարգավորել hարաբերությունները Հայաստանի հետ: Դժվար է այս երկու պետությունների մեջ ընտրություն կատարել: Սակայն տարածաշրջանում կայունության ապահովման համար` այս գործընթացներում` առաջընթացն անհրաժեշտ է»:
Նախ, պարոն դեսպանին ասենք, որ եթե, իրոք, տարածաշրջանում խաղաղության հաստատման ցանկություն կա, ապա` երկու պետությունների միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն բնավ չկա: Հայտնի բան է` պատերազմներն սկսում են այն պահին, երբ գերհզորները սկսում են «ընտրություն կատարել»` քաղաքական նժարը ակնհայտորեն թեքելով նախընտրելի ուղղությամբ:
Մի բան ևս հիշեցնենք դեսպան Նիք Բերդին. Վերջինս իր խոսքում մի լուրջ սխալ է թույլ տվել` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունը, չգիտես ինչու, վերագրելով Թուրքիային` այն համարելով
Թուրքիայի կառավարության համարձակ քայլը: Այնինչ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սառույցը սկսեց շարժվել այն պահից, երբ ՀՀ նախագահը հայտարարեց Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու մտադրության մասին:
Գուցե մեր դիվանագիտության մեղավորությունն է, որ Թուրքիան այսօր` հետևողական աշխատանքի արդյունքում հասել է նրան, որ ներկայանում է որպես հարաբերությունների կարգավորման նախաձեռնության հեղինակ: Սա իհարկե, Թուրքիայի կողմից ինքնանպատակ չի արվում, այս կերպ, վերջինս փորձում է իրենից վանել երկրորդ քայլը անելու պարտավորվածությունը:
Մինչդեռ խաղաղության մասին բարձրաձայնող դեսպանը պետք է որ տեղյակ լինի քաղաքական գործընթացների հերթականությանն ու խուսափի մոռացկոտ ձևանալուց:
armarlur.com












