Նախիջևանն իր հայ տերերին է սպասում
Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Նախիջևանի և Շահումյանի փախստականները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը: Նախիջևանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակ ունի «Նախիջևան» հայրենակցական միությունը: Միությունը` հայրենի Նախիջևանի վերադարձի քաղաքականությունն իրականացնում է նախևառաջ ավանդույթների ու սովորույթների, կենցաղի պահպանմամբ: Ինչպես «Դուպլեքս» ակումբում այսօր նշեց միության ղեկավար Մելս Մկրտչյանը, ամեն տարի կազմակերպվում է այցելություն Գարեգին Նժդեհի, Պարույր Սևակի գերեզմաններին, կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Հազարափրկիչ մատուռ, որի անվամբ եկեղեցի կա նաև Նախիջևանում: Միությունը աշխատանքներ է տանում նաև Գարեգին Նժդեհի թանգարան բացելու ուղղությամբ: Թանգարանի տարածքի տրամադրման հարցում միությանն օժանդակել է Կառավարությանը, և այժմ ընթանում է նյութերի հավաքագրում:
Մելս Մկրտչյանը ցավով նկատեց, որ մեր արտաքին գործերի նախարարությունը Նախիջևանի վերաբերյալ մինչ օրս չունի դոկտրին: Ամեն դեպքում դեռ լիահույս են, որ վերջապես կհաջողվի իրենց Նախիջևանը փրկել խորհրդային իշխանության անբարո քաղաքականության հետևանքով Ադրբեջանին բռնակցումից, իսկ նախիջևանցիները կկարողանան բնակվել իրենց պատմական հայրենիքում. Միայն այդ դեպքում հնարավոր կլինի փրկել հայկական մշակութային հուշարձանները` որոնք անխնա ոչնչացվում են թուրքերի կողմից:












