Թուրքիայում հակահայկական ևս մեկ դրսևորում
Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը խորհրդարանում հարց է բարձրացրել` կապված Ստամբուլի` հայերով և հույներով խիտ բնակեցված Ֆերիքյոյն և Քուրթուլուշ թաղամասերում հայերի և հույների բնակարանների վրա կարմիր և կանաչ գույներով պիտակներ փակցնելու մասին:
Թուրքական Anka լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք պատգամավորը համոզվելով, որ այդ թաղամասերում ոչմահմեդականների դեմ ուղղված գործողություններից հետո` սպանություն, ծեծ, բնակարանների թալան, տների վրա կարմիր և կանաչ պիտակների թիվն ավելանում է` հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալային, թե ո՞վ է այդ ակցիայի հեղինակը ու թե ի՞նչ միջոցներ է նախարարությունը ձեռնարկում դրա հեղինակներին բացահայտելու և հնարավոր վտանգը կանխելու ուղղությամբ:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս այլ տեղեկատվություն չեն հաղորդում: Հայտնի չէ, նաև թե հարցադրմանը ինչ պատասխան է տվել Թուրքիայի ՆԳ նախարարը:
Այս լուրն ինձ հիշեցրեց սումգայիթյան զարհուրելի սպանդը, ադրբեջանցիներն էլ խաչե նշաններ էին թողել սումգայիթաբնակ հայերի բնակարանների դռների վրա, որպեսզի դարանակալած շան նման հետո սարսափելի կոտորածը կազմակերպեին:
Ձեռագիրը նույնն է…Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս քայլը, արդյո՞ք, այն թուրք ազգայնամոլների հերթական գրոհի նախապատրաստման մասին չի հուշում …












