Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայաստանի Հանրապետություն – Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հարաբերությունները

Օգոստոս 26, 2009թ. 16:49

Armar.am կայքի շրջանակներում շարունակում ենք հրապարակել մեր վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերացումները` Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին:  Հեղինակի նախորդ հոդվածը  ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր հիմնախնդիրների մասին էր: Այս հրապարակման մեջ կխոսվի ԼՂՀ – ՀՀ հարաբերությունների մասին:

Չնայած  Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս իբրև ԼՂՀ անվտանգութան  երաշխավոր, այնուամենայնիվ պաշտոնական Երևանը դեռևս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բացի այդ` հայկական դիվանագիտությունը գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկում, որպեսզի ԼՂՀ անկախությունը ճանաչեն նաև մեր բարեկամ երկրները: Այնինչ, Նիկարագուայի պես պետություններ (հայտնի է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանն ու Նիկարագուան) միշտ էլ կարելի է գտնել: Մանավանդ, որ Ուրուգվայի և Լատինական Ամերիկայի մի քանի այլ երկրների կառավարություններ հայտնել են իրենց պատրաստակամությունը` ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Հայաստանը ձգձգում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը հիմնականում այն պատճառով, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդ երկրները կարծում են, թե դա կխանգարի խաղաղ բանակցային գործընթացին: Սակայն այս պարագայում Հայաստանի համար ելակետ պետք է հանդիսանա այն փաստը, որ Արցախն այլևս կայացած պետություն է և նրա անկախ գոյատևելու իրավունքը որևէ կասկածի ենթակա չէ: Հետևաբար, Հայաստանը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորող երկիր, պետք է ճանաչի ԼՂՀ պետականությունը ներկայիս սահմաններում և ակտիվ գործունեություն սկսի, որպեսզի իր օրինակին հետևեն նաև ՄԱԿ-ի անդամ երկրները:

Ինչ մնում է միջնորդների կարծիքներին, ապա պետք է նկատել, որ ադրբեջանական կողմն ամենևին էլ նպատակ չունի հետևել նրանց խորհուրդներին: Դրա մասին է վկայում օրինակ` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի կողմից Արցախի հարցի մշտական բարձրացումը և հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս գտնելու ադրբեջանական փորձերը: Միանգամայն ակնհայտ է, որ միջազգայնացնելով ադրբեջանա-արցախյան հակամարտության հարցը, պաշտոնական Բաքուն, պարզապես, փորձում է նորանոր փաստաթղթեր ձեռք բերել, որպեսզի հետագայում դրանք օգտագործի հայերի դեմ: Եվ այս խնդիրը նրանք կարողանում են հիանալի լուծել:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից հետո Հայաստանը պետք է մի շարք միջպետական պայմանագրեր ստորագրի երկու պետությունների միջև, որոնցից ամենակարևորը ստրատեգիական համագործակցության մասին պայմանագիրը պետք է լինի: ՀՀն և ԼՂՀն պետք է համագործակցեն պետական գործունեության բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, հոգևորմշակութային և այլն: Այս համագործակցության հետագա զարգացումը պետք է բերի երկու պետությունների միավորմանը:

Իհարկե, պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի  քաղաքական այս քայլերը կդառնան Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ միգուցե նաև միջազգային հանրության ակտիվ հակազդեցության պատճառ: Սակայն հայկական երկու պետություններն ուղղակի պարտավոր են անցնել այս ճանապարհը: Հակառակ պարագայում լուրջ վտանգի տակ կհայտնվեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պետականությունները:

Հայաստան-Արցախ հարաբերություններում երրորդ քայլը, որ պետք է կատարվի,  Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցումն է: Երկու երկրների համատեղ ջանքերով պետք է հասնել նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հասնի  առնվազն 500 հազարի : Դա կդառնա Արցախի անվտանգության, ինչպես նաև կայուն զարգացման ամենագլխավոր երաշխիքը:

Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ կառուցելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանքներ ևս: Նախ` ԼՂՀ Հարավային Կովկասի քաղաքական, ռազմական և նույնիսկ տնտեսական ամենաուժեղ գործոններից մեկն է: Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կոնկրետ քայլերից է կախված Հարավային Կովկասի քաղաքական ապագան: Դա գլխավորապես պայմանավորված է նրանով, որ պաշտոնական Ստեփանակերտի վերահսկողության տակ են գտնվում Հարավային Կովկասը տարանցիկ տարածաշրջան դարձնող աշխարհագրորեն ամենահարմար ճանապարհները: Խոսքը Քուռ-Արաքս գետերի հովիտների մասին է (Դաշտային Արցախի այն շրջանները, որոնք որոշ «քաղաքական գործիչներ» այդչափ ուզում են հանձնել Ադրբեջանին): Իսկ ներկայումս գործող տրանսպորտա­հաղորդակցման ճանապարհները, որոնք արհեստականորեն անցկացվել են Հայաստանն ու Արցախը շրջանցող ճանապարհներով, գտնվում են ԼՂՀ Պաշտպանության Բանակի հրետանու հասանելության գոտում: Այս փաստը այն կարևորագույն  գործոնն է, որի պատճառով Արևմուտքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում չվերսկսվեն պատերազմական գործողությունները: Բոլորը հիանալի գիտակցում են, որ Արցախն ունի ինքնապաշտպանվելու բավարար ներուժ, իսկ անհրաժեշտության պարագայում կարող է նաև չեզոքացնել այդքան մեծ ջանքեր և միջոցներ կլանած կոմունիկացիաները (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Կարս-Ախալքալաք-Բաքու և այլն):

Երկրորդ կարևոր գործոնը, որը պահանջում է ՀՀ-Արցախ  հարաբերությունների սերտացման միջոցով վերջինիս   հզորացում, վերաբերվում է Հարավային Կովկասում բնակվող, բայց պետականությունից զուրկ ժողովուրդների ապագային: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի տարածքում բնակվում են Կովկասյան Աղվանքի ժառանգորդ  այնպիսի ժողովուրդներ, ինչպիսիք են ավարները, լեզգիները, թալիշները, ցախուրները, ուդիները և այլն: Սրանք բոլորն էլ բնիկ ժողովուրդներ են և մինչ օրս տառապում են Ադրբեջանի բռնապետության տակ: Երբ ադրբեջանաարցախյան պատերազմի ժամանակ հաջողությունն անցավ ԼՂՀ Պաշտպանության Բանակի ստորաբաժանումների կողմը, Ադրբեջանում բնակվող այդ ժողովուրդները մեծ անհամբերությամբ սպասում էին ազերիներից ազատվելու իրենց «հերթին»: 1993 թվականին թալիշները նույնիսկ հռչակեցին Ադրբեջանից իրենց անկախությունը : Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ էր ընտրվել Ալիակրամ Գումբատովը: Բայց, ցավոք, թալիշների հռչակած պետությունը չկարողացավ դիմանալ Ադրբեջանի բանակի հարվածներին և շատ կարճ կյանք ունեցավ: Ներկայումս ադրբեջանցիներից ազատվելու հույսերը դեռևս չեն մարել ավարների, լեզգինների և թալիշների շրջանում: Այդ առումով, ԼՂՀ հայության օրինակը բավականին  ոգևորիչ է նրանց համար: Եվ քանի դեռ ուժեղ է Արցախի Հանրապետությունը, ապա մենք կարող ենք փաստել, որ թշնամու թիկունքում ունենք դաշնակիցներ : Ցավոք  հայկական երկու պետությունները հիմնականում շրջափակված են թշնամական պետություններով: Եվ այս իրավիճակում ցանկացած, նույնիսկ ամենաթույլ դաշնակցի աջակցությունն անհրաժեշտ պահին կարող է վճռական նշանակություն ունենալ մեզ համար:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`