Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է միջազգայնացնել ԼՂՀ հիմնահարցը

Օգոստոս 26, 2009թ. 17:22

Սույն թվականի սեպտեմբերի վերջերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹՊԽՎ) առաջին նիստը, որի ընթացքում հնարավոր է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկում: Այդ մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Միլի մեջլիսի պատգամավոր, ԹՊԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Նիզամի Ջաֆարովը: Նրա խոսքերի համաձայն` Խորհրդարանական վեհաժողովի օրակարգը դեռևս պետք է ճշգրտվի կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ, սակայն Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ հարցն ընդգրկվի ԹՊԽՎ-ի օրակարգում:

Նշենք, որ ադրբեջանաարցախյան հիմնախնդրի նման միջազգայնացումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտությունը կարգավորելու` կողմերի վերցրած պարտավորությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունները ներկայացնող համանախագահները բազմիցս քննադատել են ԼՂՀ հակամարտությունը միջազգային այլ ատյաններում իր օգտին լուծելու Ադրբեջանի ջանքերը: Սակայն, չնայած այդ հանգամանքին, պաշտոնական Բաքուն շարունակում է միջազգային բոլոր կազմակերպություններում բարձրաձայնել արցախյան  հիմնախնդիրը` էությունից անտեղյակ պետություններից հակահայկական բովանդակության փաստաթղթեր կորզելու նպատակով:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի այս քայլերն արժանանում են հայկական դիվանագիտության բավականին անտարբեր արձագանքներին: «Սովորույթի» համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում միայն այն ժամանակ, երբ հակահայկական հերթական փաստաթուղթն արդեն ընդունված և հրապարակված է լինում: Այնինչ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքականությունն ավելի նախահարձակ լինի և կանխի դեպքերի զարգացման ոչ հայանպաստ ընթացքը:

Նշենք նաև, որ Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու են ոչ բոլոր թուրքալեզու պետությունների ներկայացուցիչները: Թուրքմենստանն ու Ուզբեկստանը հրաժարվել են ԹՊԽՎ-ին միանալու առաջարկից: Նշված կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մաս են կազմում միայն Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրզստանը:


Թեգեր` , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`