Օրհան Փամուկ. «Հայերն ու քրդերը թուրքերի կողմից ենթարկվել են ցեղասպանության, ես վերահաստատում եմ նախկինում ասածս»
Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է Թուրք վիպասան, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի` օգոստոսի 27-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին մոսկովյան հանդեսներից մեկին տված հարցազրույցը:
Հարցազրույցում Փամուկը վստահաբար ասում , թե Թուրքիան դեռևս գտնվում է մութ ուժերի տիրապետության տակ: Ասել է, թե իր ստեղծագործություններով նպատակ ունի ներկայացնել Թուրքիան, և դա անել, առավելապես ոչ թե օտարների, այլ հենց թուրքերի համար:
Ըստ նրա` ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից մեկը` աշխարհիկությունը, իր ձևով ու բովանդակությամբ խեղաթյուրվել է: «Ամենացավալին այն է, որ այժմ զինվորական վերնախավի կողմից ընդունելի դարձած աշխարհիկության գաղափարի և Մուստաֆա Քեմալի պատկերացումների միջև կա սար ու ձորի տարբերություն»: Փամուկը դատապարտել է իր երկրի զիվորականության ակտիվ միջամտությունը քաղաքականությանը, նկատելով, որ արվում է շահարկելով «աշխարհիկ պետություն» հասկացությունը: «Ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է: Այդ պատճառով էլ անցած ընտրություններում, ի նշան բողոքի, իր ձայնը տվեց իսլամիստներին»:
Թուրք գրողն անդրադարձել է նաև խոսքի ազատության խնդրին և շեշտել, որ Թուրքիայում դեռևս չկա մտքի ազատություն: Նա ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ տեսնել Թուրքիայի` իրավական ու ժողովրդավարական պետություն դառնալը:
Իսկ թղթակցի հարցին, թե, արդյո՞ք Փամուկը մնացել է նույն կարծիքին, ըստ որի` հայերն ու քրդերը թուրքերի կողմից ենթարկվել են ցեղասպանության, նա պատասխանել է. «Իհարկե, ես վերահաստատում եմ նախկինում ասածս: Բայց այն ընդունելու համար հարկավոր է միայն կամք դրսևորել: Մեծ հաշվով այսպիսի նշանավոր մի գրողի (նկատի ունի սեփական անձը – հեղ.) կոտրելուց հետո, չեմ կարծում, որ հետագայում հնարավոր է, որ որևէ մեկն իրեն երջանիկ զգա Թուրքիայում: Իմ արժանապատվությունը պաշտպանելով` ես ազգի, մշակույթի, ժողովրդի արժանապատվությունն էլ եմ պաշտպանում»:
Հարցազրույցում Օրհան Փամուկը մեկ անգամ ևս հաստատել է, որ ոչ մի սպառնալիք չի կարող ստիպել իրեն հրաժարվել սեփական դիրքորոշումից:
Ք.Մ.












