Մահմեդականություն ընդունած հայը հա՞յ է
«Էրգենեքոնի» գործով անցնող Իբրահիմ Շահինի համակարգչից վերցված սենսացիոն փաստաթղթերի բացահայտումները շարունակվում են:
Ըստ որոնց` «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամներից 580-ը ազգությամբ հայ և եզդի են: Կուսակցության առաջնորդ և խորհրդարանի պատգամավոր Ահմեդ Թուրքի պապը 1925թ. փոխել է իր հայկական ազգանունը, կոչվել Թուրք, ինչպես նաև կրոնափոխ է եղել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հիթմեթ Չեթինի հայրն էլ Քրդական աշխատավորական կուսակցությանն է ֆինանսավորել: Նրա երակներում ևս հայի արյուն է հոսում, սակայն փոխել է և անունը, և կրոնը:
«Անհայտ հայերի» ցուցակում է «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին: Փաստաթղթում նշված է, որ 1915-ին Ջեմալ Փաշայի եղբայրը որդեգրել է 12 տարեկան մի որբ հայ աղջկա, հետո բռնաբարել նրան: Բայց հետո որոշել ամուսնանալ հայ որբուկի հետ: Աղջկա իրական անունը Սաադեթ էր, վերափոխված անունը` Բահչելու, ով Դեվլեթ Բահչելուի տատն է:
Հիշեցնենք, որ Դեվլեթ Բահչելին այն պետական պաշտոնյան է, ով պետվարչապետի պաշտոնում աշխատած ժամանակ կառավարությանը կից ստեղծեց ու երկար տարիներ ղեկավարեց Հայոց ցեղասպանությունը մերժող հանձնախումբը: Ասենք, որ հանձնախումբն այսօր ակտիվ գործում է:
Թե որքանո՞վ Դեվլեթ Բահչելին կարելի է հայ համարել, կարծում եմ պատասխանը միանշանակ է:
Սա, ի դեպ, խոսուն փաստն է, և մտորելու լուրջ տեղիք է տալիս մեզ` հայերիս, մեկտեղ նախազգուշացնում բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում սկսել են այդչափ ոգևորված շրջանառել այն թեզը, թե մահմեդականություն ընդունած հայն էլ հայ է:












