ԼՂՀ-ում ուղեգրերը բաժանվում են արդարության սկզբունքով
Դեռ 2004 թվականից է մեկնարկել Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների ամառային հանգիստը համապատասխան վերականգնողական առողջարաններում կազմակերպելու ծրագիրը: Երեկ առավոտյան Արցախից Ղրիմի Սակե քաղաք մեկնեց այս տարվա ընթացքում արդեն երրորդ խումբը:
2009թ. այս ծրագրի շրջանակներում Արցախից արդեն ինը մարդ Սակե քաղաքի առողջարաններում հանգստանալու և բուժման կուրս անցնելու ուղեգիր է ստացել: Ծրագրի տրամաբանությունն ու նպատակները մնացել են նույնը: Սակայն դրանք կյանքի կոչելու ուղիները 2009-ին էական փոփոխություններ կրեցին: Եթե մինչ այդ պարզապես տրամադրվում էին ֆինանսական միջոցները, ապա այս տարվանից ուղեգրերը ձեռք է բերում սոցապնախարարությունը, տեղեկացրեց ԼՂՀ սոցապահովության նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանը:
Այս հանգամանքը ծրագրում ընդգրկվածներին հնարավորություն կտա խուսափել ավելորդ թղթաբանությունից:
Առողջարան մեկնելու հրավերն անակնկալ է եղել շատերի, այդ թվում` մեր զրուցակցի` Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամ Համլետ Աբրահամյանի համար: Նրան հեռախոսազանգով էին տեղեկացրել, որ իր անունը ևս ընդգրկված է ուղեգիր ստացողների ցանկում:
Նույն սկզբունքով են ընտրվել նաև խմբի մյուս անդամները, վստահեցնում են սոցապ նախարարությունում: Ընդ որում, եթե նախկինում այդ ցանկում ընդգրկվում էին հիմնականում ողնաշարային խնդիրներ ունեցող հաշմանդամներն, ապա 2009-ին այդ ցանկը զգալի ընդլայնվել է:
Խումբը առողջարան է մեկնում 21 օրով: Սեպտեմբերի 16-ին Սակե կմեկնի այս տարվա վերջին խումբը:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ












