Գլխավոր » Թուրքիա, Վերլուծական, Քաղաքականություն

Գրեթե շեքսպիրյան հարցադրում`գնա՞լ, թե չգնալ, սա է խնդիրը

Օգոստոս 27, 2009թ. 20:10

Հայկական և տարածաշրջանային մամուլն արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, բոլորը սկսեցին խոսել երկու պետությունների միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորման մասին: Այս կապակցությամբ ոգևորությունը քաղաքական դաշտում այնքան էր մեծացել, որ շատերի հիշողությունից իսպառ ջնջվեց հայերի և թուրքերի միջև գոյություն ունեցող դարավոր թշնամության փաստը: Հայկական «ազատական» մամուլը հեղեղվեց ժամանակակից թուրքի կերպարը ներկայացնող (իսկ իրականում` գովերգող) այնպիսի հոդվածներով, որոնց միջոցով փորձ արվեց հայ ժողովրդին «ապացուցել», որ 21-րդ դարի թուրքը ոչ մի առնչություն չունի 100 տարի առաջ ցեղասպանություն իրականացրած վայրագների հետ:

Բավականին մեծ հրճվանք էր առաջացրել նաև հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը: Հայաստանում գործող մի շարք վայ-տնտեսագետներ սկսեցին նկարագրել, թե ինչպիսի պայծառ ապագա է սպասում մեր ժողովրդին` հայ-թուրքական սահմանը բացելուց հետո: Բանը հասավ նրան, որ Հայաստանի դյուրահավատ ժողովուրդը նույնիսկ սկսեց խղճալ Արաբական Միացյալ Էմիրությունների և Շվեյցարիայի բնակչությանը: Եվ համընդհանուր այս ոգևորության պահին Երևան ժամանեց նա` «մեծն» Գյուլը` իր հետ բերելով առաջին հիասթափությունը: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց թուրքերի օգտին` 0:2 հաշվով: Հետագան ցույց տվեց, որ նման հիասթափություններ մեզ սպասում էին ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև` քաղաքական:

Այսօր  հայ քաղաքագիտական դաշտը զբաղված է  գրեթե շեքսպիրյան հարցադրում հիշեցնող` «գնալ, թե չգնալ» հարցի քննարկմամբ. և այսպես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնա՞ Թուրքիա` մասնակցելու պատասխան ֆուտբոլային հանդիպմանը, թե` ոչ:

Ժամանակին, երբ թվում էր, թե հայ-թուրքական հարաբերությունների մոտալուտ կարգավորմանն այլընտրանք չկա, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե  Թուրքիա կգնա միայն բաց սահմանի առկայության պարագայում, կամ սահմանների բացման նախօրեին: Հայ-թուրքական սահմանը բացելու և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը բավականին մեծ էր: Չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական սահմանը փակել էր հենց թուրքական կողմը, ինչը միջազգային իրավունքի տեսակետից կարելի է որակել որպես պատերազմական գործողություն Հայաստանի նկատմամբ, այնուամենայնիվ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ կարգավորել` առանց նախապայմանների:

Սակայն Թուրքիայում այս հարցի կապակցությամբ բոլորովին  այլ մոտեցում գոյություն ունի: Այսպես. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը պաշտոնական Անկարան կապում է ադրբեջանաարցախյան հակամարտության հետ: Թերևս Թուրքիայի այս դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է ադրբեջանական կողմի «նեղացկոտությամբ»: Սակայն փաստը մնում է փաստ, որ առանց ԼՂՀ հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու` Թուրքիայի քաղաքական և հասարակական վերնախավը երբեք չի համաձայնի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այնինչ հենց հայկական կողմն է, որ ունի Թուրքիային նախապայմաններ ներկայացնելու քաղաքական, իրավական և բարոյական իրավունք:

Ինչևէ, ներկայումս գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում և Հայաստանն սպասում է  պատասխան քայլին:

Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա կմեկնի Թուրքիա` միայն բաց սահմանների պարագայում, գործնականում նշանակում է, որ պաշտոնական Երևանը պարզապես սահմանափակել է թուրքական կողմի` քաղաքական կամք դրսևորելու մասին խոսակցությունների ժամանակը: Այժմ թուրքերը պետք է գործնականում ապացուցեն, որ իրենք պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Եվ եթե դա տեղի չունեցավ մինչև Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպման օրը, ապա Սերժ Սարգսյանը միջազգային ատյաններում կարող է հանգիստ բարձրաձայնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է հենց թուրքական կողմի պատճառով: Սակայն, մեր դիտարկմամբ, հայկական դիվանագիտությունը չի ուսումնասիրել այն հնարավորությունը, որ Թուրքիան կարող է բացել սահմանները ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո: Եվ այդ ժամանակ պաշտոնական Երևանի դիվանագիտական «հնարքը» կարող է չտալ սպասված արդյունքները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը գտնվում է նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ժամանակին Արևմուտքը բավականին մեծ ջանքեր էր գործադրում Հայաստանը Թուրքիայի հետ հաշտեցնելու նպատակով: Արևմուտքի այդպիսի հետաքրքրվածությունը պայմանավորված էր նրանով, որ ըստ վերլուծաբանների, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կհանգեցներ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը: Այսօր Հայաստանն Արևմուտքում ընկալվում է իբրև Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին ռազմական հենակետը: Ուստի ԱՄՆ-ը և ԵՄ-ը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն նաև Հայաստանից: Այդ նպատակին հասնելու համար Արևմուտքը կիրառում է տարբեր մեթոդներ, որոնցից մեծ կարևորություն էր տրվում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Սակայն 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Հարավային Կովկասում իրավիճակը կտրուկ փոխվեց: Այս տարածաշրջանում Արևմուտքի դաշնակից հանդիսացող Թուրքիան, օգտվելով հարմար պահի առավելություններից, սկսեց Հարավային Կովկասում լիովին նոր քաղաքականություն իրականացնել: Ընդ որում այդ քաղաքականությունն աչքի ընկավ բացարձակ ինքնուրույնությամբ և Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու Թուրքիայի ձգտումով: Ուստի Արևմուտքում առաջացել է Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու անհրաժեշտություն: Այս պարագայում Արևմուտքը հիմնականում, ի դեմս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, փորձում է ճանապարհներ գտնել Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության աճը վերահսկողության տակ պահելու նպատակով: Հակառակ դեպքում լուրջ վտանգ կա, որ Արևելքում իր հարցերը կարգավորած Թուրքիան իր մեջ ներուժ կգտնի վերջինից անկախ քաղաքականություն իրականացնելու: Իսկ դա ամենևին էլ չի բխում Արևմուտքի շահերից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նրանք դեռ չլուծված հարցեր ունեն Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում: Այդ իսկ պատճառով արևմտյան դիվանագիտությունն այս պահին անմասն է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` վստահ լինելով, որ առանց երրորդ կողմի ազդեցիկ միջամտության` սայլը տեղից չի շարժվի:

Հաշվի առնելով վերոնշյալները` պետք է նշել, որ եթե չբավարարվի Սարգսյանի պահանջները` սահմանը բացելու կապակցությամբ, ապա նրա այցը Թուրքիա լիովին կդառնա անիմաստ: Իսկ հավանականությունները, թե մինչև ֆուտբոլային հանդիպումը հայ-թուրքական սահմանը, այնուամենայնիվ, կբացվի` հավասար է զրոյի: Ուստի, առավել օգտակար կլիներ, եթե պաշտոնական Երևանը զբաղվեր, օրինակ` Վրաստանի հետ հարաբերությունները պարզելով: Որովհետև, քանի դեռ մենք մտածում ենք դեպի Արևմուտք սահմաններ բացելու մասին, երկրի հյուսիսային սահմանները ենթարկվում են վրացի սահմանապահների անեկսիային:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկ մեկնաբանություն “Գրեթե շեքսպիրյան հարցադրում`գնա՞լ, թե չգնալ, սա է խնդիրը”

  1. Petik on: 29 Օգոստոս 2009 at 11:57

    De togh gna eli, inch eq uzum?

Մեկնաբանել`