Գլխավոր » Լրահոս

«Սատանան մանրամասների մեջ է», իսկ մանրամասների մասին դեռ լռում ենք

Օգոստոս 28, 2009թ. 17:00

Օգոստոսի 26-28-ը Արցախում էին ՀՀ ԱԺ  Եվրոպական ինտեգրման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը և  նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանը:

Օգոստոսի 26-ին ՀՀ խորհրդարանականներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«Մենք պետք է կարողանանք եվրոպական կառույցներում անհրաժեշտ մակարդակով ներկայացնել ղարաբաղյան խնդիրը»,- ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում կարևորեց Նաիրա Զոհրաբյանը` այդ հարցում ընդգծելով ՀՀ և  ԼՂՀ ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը:

Օգոստոսի 27-ին հայաստանյան գործընկերներին ընդունել է նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ  Աշոտ Ղուլյանը: Խոսնակը դրական է գնահատել վերջին տարիներին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների կապերի աշխուժացումն ամենատարբեր, այդ թվում` մշտական հանձնաժողովների մակարդակներով: Կարևորելով միջազգային կազմակերպությունների հետ համակողմանի շփումները` տիկին Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ այդ համատեքստում  առանձնահատուկ տեղ ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերը: Իսկ Արցախ գալու հիմնական նպատակն այդ ուղղությամբ համագործակցության առաջնահերթությունները, ձևերն ու միջոցները քննարկելն է:  Նույն օրը Ն. Զոհրաբյանն ու Վ.  Խուրշուդյանը հանդիպեցին  նաև  ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:   ԼՂՀ ԱԺ մամուլի  ծառայության հաղորդմամբ քննարկվել են ՀՀ և  ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության  շրջանակներում երկու հանձնաժողովների  փոխգործակցության հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատգամավորներին ընդունել է նաև  ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական կառույցներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու,  այդ կառույցներում խնդրի խաղաղ և  արդարացի լուծման համար անհրաժեշտ հիմքեր ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Հայկական երկու պետություններից այսօր նման հնարավորություն ունի միայն Հայաստանը, և  դա վերջինիս համար նաև  լրացուցիչ պատասխանատվություն և զգուշավորություն է պահանջում, նկատեց Նաիրա  Զոհրաբյանը: Իսկ համակարգված գործելու առաջին պայմանն առաջնահերթությունների հստակեցումն է համարում: «Ամեն դեպքում` Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի հարցում որևէ զիջման չի գնա` առանց ԼՂՀ համաձայնության»,- ի պատասխան «ԱրմԱր»-ի հարցին` ընդգծեց նա: «Այսօր մեր գլխավոր նպատակը ԼՂՀ կարգավիճակի հարցն է ու նրա անվտանգության ապահովումը»: Իսկ մանրամասների մասին տիկին Զոհրաբյանը գերադասեց առայժմ լռել, չնայած, իր իսկ խոսքով` «սատանան հենց մանրամասների մեջ է»:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ
«ԱրմԱր»-ի հատուկ թղթակից


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`