Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական

Նպատակահարմա՞ր է արդյոք նախագահ Սարգսյանի մեկնումը Թուրքիա

Օգոստոս 28, 2009թ. 17:51

Որո՞նք են Աբդուլահ Գյուլի հրավերի մերժման հնարավոր հետևանքները Հայաստանի համար

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դեռևս 1991-ին հայկական կողմին առաջադրված թուրքական նախապայմանները, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, ինչպես նաև մեր հանրապետության շրջափակումը, ի սկզբանէ  Հայաստանին զրկել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Նախապայմանների պատճառով, միաժամանակ, ի չիք են դարձել կարգավորման միջազգային ջանքերը:

Հայաստանի և Թուրքիայի միջև  դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որպես հարաբերվելու գործնական միջոց, առանձնակի նշանակություն էր հաղորդում այս երկու երկրների երկխոսությանը: Սակայն դրա արդյունավետության համար անհրաժեշտ էր, որ կողմերը դրսևորեն երկխոսությունը հարաբերությունների կարգավորման նպատակին ծառայեցնելու անկեղծ պատրաստակամություն, այլ ոչ թե փորձեն դրսևորած պատրաստակամության միջոցով ապահովել պետական առաջադրանքի կատարումը:

Ակնհայտ է, որ այդ փորձերը հենց սկզբնավորման փուլում առաջադրանքի կատարման միջոցի էին վերածելու երխոսությունը, դա ինքնաբերաբար շեղվելու էր հարաբերությունների կարգավորման բուն նպատակից, համարվելով սպառված` կողմերից մեկի համար. կասկածի տակ էր դրվելու դրա հետագա ծավալման նպատակահարմարությունը: Թերևս նպատակահարմարության տեսանկյունից պետք է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 28-ի հայտարարությունը:

Երևանում Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո նա ասել էր, որ ինքը թեև ֆուտբոլային խաղի համար հրավեր ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլից, սակայն պատասխան այցի համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր ապահովել: Այնուհետև  նախագահ Սարգսյանն ավելացրել էր. «Ես կընդունեմ արված հրավերը, միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման դեպքում, այսինքն Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման շեմին»:

Հուլիսի 29-ին թուրքական թերթերն արձագանքել էին ՀՀ նախագահի հայտարարությանը, դիտարկելով դա Թուրքիային նախապայման առաջադրելու կամ վերջնագիր ներկայացնելու դրսևորում:  Նույն օրը   Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի նախագահը սահմանի բացումը դիտարկում է ֆուտբոլային հանդիպման համար Թուրքիա գալու նախապայման»:

Թերևս կարելի էր նախագահ Սարգսյանի հայտարարությունն իբրև  նախապայման ընկալել, եթե նա նույն հայտարարության մեջ չարտահայտվեր «ձեռք բերված պայմանավորվածությունների» մասին և  չնշեր, որ դրանք վերաբերում են սահմանի բացմանն ու շրջափակման վերացմանը: Սա կնշանակի թուրքական կողմը չի կատարել հայկականի հետ շփումներում Հայաստանի հետ «մերձեցման» նախաշեմին ստանձնած պարտավորությունները:

Այլ կերպ, խնդիրը նախապայմանի առաջադրումը չէ, այլ պարտավորություններից խուսափումը, ինչը հայկական կողմի համար խնդրահարույց է դարձրել երկխոսությունը: Եթե Թուրքիան չխուսափեր դրանց կատարումից, ապա Սերժ Սարգսյանը «Հայաստանի նախագահի պատասխան այցի համար համապատասխան միջավայր ապահովելու» հարց չէր բարձրացնի, անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը չէր գրի «Երևանի հետ Անկարայի մերձեցման հոգեվարքի» մասին, ոչ էլ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կհայտարարեր. «Վերջին շրջանում դանդաղել է Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը»:

Մինչդեռ 2008-ի սեպտեմբերի 6-ին, վերադառնալով Երևանից, Անկարայի օդանավակայանում Աբդուլահ Գյուլը հայտարարել էր. «Երկկողմ հարաբերությունների առջև  ծառացած խոչընդոտները երկխոսությամբ հաղթահարելու հարցում համամիտ ենք հայաստանյան կողմի հետ: Իմ այցն անցել է արդյունավետ, ապագայի համար հույսեր է ներշնչում»: Ավելին, սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում նախագահ Գյուլը մատնանշել էր. «Նպատակ ունեմ Թուրքիայի  Հայաստանի միջև ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ շնորհիվ դրա `հաղթահարվեն առկա հիմնախնդիրներն ու ամեն ինչ մտնի հունի մեջ»:

Ինչո՞վ պայմանավորել թուրքական կողմի` պարտավորություններից խուսափելը: Հարցի պատասխանը միանշանակ է: Օգտվելով Հայաստանի հետ, այսպես կոչված, մերձեցման հնարավորություններից Թուրքիան կարողացավ «Կովկասի կայունության և  համագործակցության պլատֆորմ » նախաձեռնությունը պաշտպանել հնարավոր հակազդեցությունից, որ քաղաքական ակտիվություն դրսևորի Հարավային Կովկասում: Այնուհետև նա, որպես «տարածաշրջանում կայունության և համագործակցության նպաստող» երկիր, ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, իսկ ապրիլի 22-ին Հայաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարների հետ միաժամանակյա եռակողմ հայտարարությամբ փաստի առջև  կանգնեցրեց նախագահ Բարակ  Օբամային, որ ապրիլի 24-ի ուղերձում չօգտագործի «ցեղասպանություն» բառը:

Այլ կերպ Թուրքիան կատարեց Հայաստանի հետ «մերձեցմամբ» պայմանավորված քաղաքական բոլոր 3 առաջադրանքները: Այնուհետև, պատճառաբանելով, թե մերձեցումը հարուցում է եղբայրական Ադրբեջանի տագնապը, հայկական սահմանի բացման համար վերստին ելակետ ընդունեց Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացքով:

Այսպիսով, նախագահ Աբդուլահ Գյուլի երևանյան այցով սկբզնավորված Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը հայտնվեց ձախողման սպառնալիքի շեմին: Հարկ է, սակայն, նշել, որ դրա պատասխանատուն սոսկ պարտավորություններից խուսափող Թուրքիան չէ, որովհետև  ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրամիությունն ու Եվրահանձնաժողովը, ողջունելով երևանյան այցի առնչությամբ Հայաստանի և  Թուրքիայի նախագահներին, հույս էին հայտնում, որ Սարգսյան-Գյուլ հանդիպմանը կհետևի 2 երկրների հարաբերությունների ամբողջական նորմալացումը, նրանց էին միանում կոնգրեսականները, խրախուսելու համար 2 երկրների մերձեցումը, Անկարայում նախագահ Օբաման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն անդրադառնում էր «արագ, շուտափույթ, առաջընթաց» բառերով, իսկ պետքարտուղարությունը ընդգծված ոգևորությամբ էր արձագանքում Հայաստան-Շվեյցարաիա-Թուրքիա հաշտեցման եռակողմ հայտարարությանը:

Եթե ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու եվրոպական կառույցները չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, ուրեմն տուրք են տալիս Թուրքիայի նկրտումներին: Սա նշանակում է, որ նախագահ Գյուլի հրավերը հազիվ թե նպաստի որևէ հարցի լուծմանը հայ-թուրքական հարաբերություններում, եթե նույնիսկ նախագահը դրական արձագանքի հրավերին:

Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ շահելու է Թուրքիան: Նախագահ Սարգսյանի դրական արձագանքը նա պայմանավորելու է Հայաստանի նկատմամբ «անկանխակալ» մոտեցմամբ և  միջազգային հանրությանը մատուցելու իբրև  բարի կամքի դրսևորում: Իսկ բացասական արձագանքի դեպքում ի լուր աշխարհի հայտարարելու է, որ հայկական կողմը Թուրքիա այցելելու համար, այն էլ որևէ պարտավորություն չենթադրող ֆուտբոլային հանդիպման առթիվ, նախապայման է առաջադրում Թուրքիային, ուստի Հայաստանը որպես «անհաշտ» և «խնդրահարույց» երկիր, Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանն ու համագործակցությանը նպաստելու մտադրություն չունի:

Ամենայն հավանականությամբ, միջազգային ուժերը տուրք կտան նաև թուրքական շահարկումներին և  անկախության օրից Թուրքիայի թիրախը դարձած Հայաստանն ինքը կհայտնվի ընդգծված «հակաթուրքական» քաղաքականություն վարողի դերում: Մանավանդ, որ Թուրքիան մերձենալու պատրաստակամությամբ «ընդառաջել» է «Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման» ԱՄՆ-ի և ԵՄ-ի պահանջներին: Թերևս դրանով էլ նա նախադրյալներ է ստեղծել, որ Հայաստանի հետ մերձեցումը ելման կետ վերադարձնելու դեպքում դրա պատասխանատվությունն ընկնի հայկական կողմի վրա:

Խնդիրը, սակայն, սոսկ Հայաստանի պատասխանատվությունը չէ, այլ երկխոսության վերադարձը ելման կետ և  դրա հնարավոր հետևանքները: Ակնհայտ է, որ ելման կետ վերադարձած երկխոսությունը վերականգնելու համար կողմերին անհրաժեշտ է լինելու նոր առիթ: Եթե դա չհաջողվի ստեղծել Հայաստանին և  Թուրքիային, ապա կստեղծեն միջազգային ուժերը, վերջիններիս կանցնի դրա նախաձեռնությունը, որոնք էլ կսկսեն սեփական շահերին ծառայեցնել  իրենց նախաձեռնությամբ սկզբնավորված հայ-թուրքական նոր երկխոսությունը: Այսպիսով, Հայաստանը կզրկվի երկխոսության մեջ Թուրքիայի ազդեցությունը միջազգային ուժերի ազդեցությամբ հակակշռելու համար նրանց միջև խուսանավելու հնարավորությունից:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`