Մշակույթային ցեղասպանությունը շարունակվում է
Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:
Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական փաստաթղթում Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվել, այրվել և ավերվել են:
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվում է նաև ներկայիս Թուրքիայում, քանզի դրանք դիտվում են այդ հողի վրա հայկական ներկայությունն հաստատող անցանկալի վկաներ:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923 թվականից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն նորոգման կարիք ունեն:
Պետք է արձանագրել, որ 1940-1950-ական թթ. հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ այսօր էլ հայկական, այլևս ավերակված մշակութային կոթողների քարերն են օգտագործվում որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:
Մինչդեռ հիշեցնենք, որ 1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունն ուշադրություն պետք է ցուցաբերի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ` միաժամանակ պահանջելով պատշաճ վերաբերմունք Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:
Այն փաստը, որ այսօր Թուրքիայի կառավարությունը բարձրաձայնում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման ու Անիում սկսվող վերականգնողական աշխատանքների մասին ամենևին պետք չէ կարծել, թե նույն ճակատագրին կարժանանան նաև հայկական մյուս հուշարձանները: Շրնաքի Խրիլ գավառի 7 եկեղեցիներից այսօր որպես աղոթատեղի միայն մեկն է գործում` Սուրբ Աստվածածինը, մյուսները դատապարտված են փլուզման: Ի դեպ, թուրքական «Զաման» թերթը գրել է, որ Շրնաքի մշակույթի և զբոսաշրջիկության բաժնի տնօրինությունը պաշտոնապես հայտարարել է, թե ներկայումս Խրիլի պատմա-մշակույթային շինությունների պահպանման վերաբերյալ մշակված ծրագիր գոյություն չունի:
Այլ կերպ ասած` Թուրքիայում շարունակվում է հայկական մշակույթային ժառանգության ոչնչացումը: Եվ սա է իրականությունը:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` ՅՈՒՆԵՍԿՕ












