Վանաձորը «Եհովայի վկաների» ճիրաններում
«Նացիոնալի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրենց խմբագրություն էին դիմել Վանաձոր քաղաքի տնակային ավանի ու հարակից շրջանի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում էին «Եհովայի վկաներ» կոչվող աղանդավորական խմբի դեմ:
Բանն այն է, որ եհովականները տնակային ավանի անմիջական հարևանությամբ, կառուցել են աղոթարան: Ըստ վանաձորցիների, աղոթարանի կառուցման վայրը դիտավորյալ է ընտրվել այդտեղ, քանի որ այն գտնվում է մի կողմից տնակային ավանի, մյուս կողմից` 24 դպրոցի հարևանությամբ և եհովականների համար հոգեորսությամբ զբաղվելու լայն դաշտ է ապահովում: Վանաձորցիներին հուզող հարցերի պատասխանն ստանալու համար «Նացիոնալի» Վանաձոր մեկնած լրագրողները հանդիպել են եհովականների հոգևոր առաջնորդ Արտաշես Վեզիրյանին: Այն հարցին, թե աղոթարանի կառուցման համար ինչու են հենց այս վայրն ընտրել, Վեզիրյանը պատասխանել է. «Լավ եմ արել, էս տարածքն է դուրներս եկել, էս ենք ընտրել»: Բավականին մեծ հողատարածքի վրա Եհովականները «հանգանակությունների միջոցով հավաքված գումարով» կառուցել են բավականին մեծ ու լավ կահավորված աղոթարան-շտաբ, որը վանաձորցիների ասելով վերածվել է հոգեորսության որջի: «Իրենք գնում են Եվրոպայից, Ամերիկայից փողեր են բերում լափում, արդյունքում մեր երեխաներն են կործանվում` ընկնելով դրանց ազդեցության տակ», – նշում է տնակային ավանի բնակչուհիներից մեկը, որը միաժամանակ խնդրում է չգրել իր անունը: «Դրանց թաթերն էնքան երկար է, դուք չգիտեք, ամեն ինչի ընդունակ են, մի վնաս կտան»: Լրագրողների հետ եհովականների մոտ եկած վանաձորցիներից մեկն էլ նախկին ազատամարտիկ, ասում է «ես գնացել արյուն եմ թափել, որ հիմա սրանք գան ու իմ երեխուն ասեն, թե թուրքը քո եղբայրն է՞»: Վանաձորցի երիտասարդներն էլ բողոքում են. «թող գնան սարի գլխին աղոթարան սարքեն մտնեն մեջը ինչ ուզում են անեն, իրավունքներից են խոսում, բա մեր իրավունքներն ով պիտի պաշպանի, ամեն օր մտնում ու բարձր երգում ու խոսում են, դա ազդում է մեր վրա, չենք ուզում լսել: Մեր երկրում նորմալ մարդկանց իրավունքների պաշպանության խնդիր էլ կա, չէ՞»:
«Մենք չենք ուզում ականատեսը լինել դրանց ոռնոցների ու մլավոցների, թող գնան ուրիշ տեղ, թող քաղաքից դուրս սարքեն, քաղաքապետարնն ու կառավարությունը թող մտածի սրա մասին, թե չէ, վաղը ավելի մեծ բանի է վերածվելու, չեմ հասկանում, քաղաքապետարանին չի մտահոգո՞ւմ, որ մի ամբողջ դպրոց թիրախ է դարձել, կամ ինչու են թույլ տալիս, որ գործեն, անգամ Եվրոպայում համարվում են ամենավտանգավոր ու քայքայիչ աղանդը: Մի շարք եվրոպական պետություններ արգելել են սրանց գործունեությունը: Ինչո՞ւ ենք պապից ավելի կաթոլիկ երևում, չեմ հասկանում», – դժգոհում են վանաձորցիները: Ինչևե, վանաձորցիները դժգոհում են, կառավարությունն ու քաղաքապետարանը լռում, դե բնական է, որ Եհովայի վկաներն էլ «լավ են անում»:
Թեգեր` Եհովայի վկաներ












