Վանի պատմական հուշարձանները գերում են զբոսաշրջիկներին
Հայերի ստեղծած մշակույթի հաշվին գումարներ են վաստակում թուրքերը
Վանի նահանգն այսօր զբոսաշրջիկների պակաս չի զգում:
2840 տարի առաջ Սարդուր Ա թագավորի կողմից կառուցված Վան բերդը, որը 300 տարի Ուրարտուի մայրաքաղաքն է եղել և հայտնի է Տուշպա-Տոսպ անունով, այսօր Թուրքիայի պետական ապարատի անտարբերության հետևանքով ավերակների է վերածվել: Միայն պահպանվել է «Սարդուրի» աշտարակը, «Մայր ու աղջիկ» բացօթյա մեհյանը, ժայռադամբարանները և այլ պատմական հուշարձաններ:
Հաշվի առնելով փաստը, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելուց հետո մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում այս նահանգ, Թուրքիայի կառավարությունը Վան քաղաքի թանգարանի տնօրինության հսկողության տակ գործող հանձնախմբին հանձնարարել է սկսել Վանի բերդի վերականգնողական աշխատանքները:
Վան այցելած Թուրքիայի պետնախարար Ջևդեթ Յիլմազը հայտարարել է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելուց հետո Վանը հանդիսանում է երկրի ամենակարևոր զբոսաշրջության վայրը: Ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են գալիս Աղթամար` Սուրբ Խաչ եկեղեցի, որը կառուցվել է հայ թագավոր Գագիկ Արծրունու կողմից 915-921 թթ.: Նրանց հայոց թագավորանիստը նաև գերում է իր բազմաթիվ պատմական և բնական հրաշքներով: Յիլմազի կարծիքով` պատմական հուշարձանների վերականգնումն էլ ավելի մեծ եկամուտ կբերի:
Աղթամարի Սուրբ Խաչն ուսումնասիրելիս պետնախարարն իր հիացմունքն է արտահայտել, շեշտելով, որ հայկական այս կոթողը ճարտարապետական հրաշք է:
Քրիստինե Մելքոնյան












