Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Եթե լինի արհեսավարժ մարդկանց ամենօրյա աշխատանք , ապա շատ մոտ ապագայում Հայաստանը կարող է դուրս գալ տնտեսական ճգնաժամից»

Օգոստոս 31, 2009թ. 17:52

Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ

Պարոն Մանասերյան, ըստ ՀՀ կառավարության ներկայացուցիչների տվյալների, տարեվերջին Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշը կլինի 10-15 տոկոս, մինչդեռ շատ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ տարբեր եզրակացություններ են ներկայացնում, առավել իրատեսական համարելով 20 տոկոս անկումը: Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը եւ որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները:

-Ընդհանուր առմամբ` կարելի է ասել, որ ակնհայտ է տնտեսական անկման միտումը: Ես միայն կհավելեի, որ կանխատեսումները`թե’  հոռետեսական, թե’ լավատեսական , այնուամենայնիվ, իմ համոզմամբ, դեռ անկման վերջին կետը չեն գրանցել: Ցավոք, պետք է նշեմ, որ դեռ   տնտեսական անկման միտումներն ակնհայտ են: Ե±րբ դա կանգ կառնի` լավագույն դեպքում, եթե ամեն ինչ գնա ցանկալի ուղղությամբ, եթե ձեռնարկվեն անհրաժեշտ  միջոցները`  ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու, այլեւ Հայաստանին բնորոշ առանձնահատուկ պայմաններում նաեւ շտկելու իրավիճակը, այդ պարագայում, կարծում եմ, որ  2011-ի վերջին կարող է  նկատվել անկման տեմպերի նվազում , միգուցե և զրոյացում:

Մեկ ամիս առաջ ասացիք, որ տնտեսական անկումը տարեվերջին երկնիշ թվով է արտահայտվելու, կպարզաբանեք, թե որքա±ն կլինի այն:

-Նման կանխատեսումներ անելը ճիշտ չէ, ինչո±ւ, որովհետեւ  այժմ ԱԺ-ում կքննարկվի նաեւ բյուջեի կատարողականը`առաջին վեց ամիսների համար, որը ցույց կտա, թե որքանով են իրատեսական այդ ծրագրերը եւ ի՞նչ արդյունք են տալիս այդ միջոցառումները: Միայն այդ պարագայում կարող ենք դատողություններ անել, եւ տեսնել, թե իսկապես կարո՞ղ է արդյոք անկումը լինել ավելի զուսպ, թե՞ կարող է լինել ավելի մեծ տեմպերով:

Կառավարության ներկայացուցիչներն` ի դեմս ֆինանսների նախարարի, նշում են թե հակաճգնաժամային քայլերն արդեն տեսանելի են: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես ընդամենը կարող եմ ասել, որ եթե ՀՀ ֆինանսների նախարարը տեսնում է դա, շատ ողջունելի է. ես ինքս չեմ կարող մանրամասնել եւ մեկնաբանել` առավել եւս ֆինանսների նախարարի խոսքը:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանում ի±նչ ազդեցություն ունեցավ հասարակ քաղաքացու վրա:

-Ազդեցությունը բոլոր խավերի վրա է զգալի: Հասարակ քաղաքացին` սոցիալական առումով պաշտպանված չէ: Եթե ուշադրություն դարձնեք` աշխատուժի շուկայում միտումները բնավ լավատեսական չեն եւ այս առումով հասարակ քաղաքացին է դրանից տուժում:   Գնողունակությանը բավական լուրջ հարված է հասցվել,  սպառողական զամբյուղի համար, բնականաբար, շատ ավելի միջոցներ այսօր անհրաժեշտ:  Իսկ բարելավման միտումները դեռեւս չեն երևում:

Տնտեսական առումով ի±նչ է սպասվում Հայաստանին 2010-ին:

-Դա կախված է նրանից, թե  2010-ին ինչպիսի± կառավարություն կունենանք, կառավարության ինչպիսի ծրագրեր եւ քայլեր կմշակվեն: Այսինքն, թե  կառավարությունն ինչպիսի ուղեգիծ կորդեգրի, նաեւ` ովքեր կլինեն կառավարությունում, գիտեք`ոչինչ չի կարելի բացառել: Չի կարելի ասել, որ այս կազմը 10 կամ 5 տարի կպաշտոնավարի: Ամեն ինչ կախված է նրանից, թե  ի՞նչ ուղղեգիծ է որդեգրվում `նախ եւ առաջ տնտեսական քաղաքականության առումով: Դա ավելի կարեւոր է, քան թե ովքեր , կամ ինչ անձինք են լինելու: Ես այդ ինտրիգներով շատ հրապուրված չեմ`թե ո±ւմ կհանեն,  ո±ւմ կնշանակեն: Ինձ համար ավելի կարեւոր է, թե   ինչ արդյունք կարելի է ապահովել նպաստելով երկրի զարգացմանը: Այնպես որ,  2010-ը թեեւ ընդամենը մի քանի ամիս է մնացել, բայց բազմաթիվ հարցականներ կան եւ մինչ մենք չծանոթանանք  կառավարության հաշվետվությանը, թե ի±նչ է արվել այս դժվարին փուլում, չի կարելի դատողություններ անել:

Գիտեք, թեև շատ դժվար է իրավիճակը, բայց կարծում եմ, որ եթե բանիմաց, արհեստավարժ մարդկանց ամենօրյա աշխատանք լինի , ապա շատ մոտ ապագայում Հայաստանը` մեր նման վիճակում հայտնված երկրների համեմատությամբ, կարող է առաջիններից մեկը դուրս գալ տնտեսական ճգնաժամից:

Ստացվող վարկերի արդյունքները, ե՞րբ տեսանելի կլինեն Հայաստանի տնտեսության համար :

-Ես ուզում եմ հիշեցնել, որ արտաքին պարտքն` ըստ համաձայնությունների, որոնց տրանշները տարբեր ժամկետներում պիտի ստացվեն, գերազանցոմ է 4 միլիարդ դոլարը, որի զգալի մասն արդեն ստացել ենք, մնացած տրանշները պիտի ստացվեն մոտ ապագայում: Այսինքն`  4 միլիարդն այս պայմաններում բավական լուրջ պատասխանատվություն է դնում պետության եւ կառավարության ուսերին: Ես  դա չեմ անվանի մեծ տնտեսական սպառնալիք տնտեսական անվտանգության առումով , եթե դրանք նպատակին ծառայեն եւ ամսեամիս   հաշվետվություններ ներկայացվեն այն կառույցների կողմից, որոնց տրամադրել են այդ վարկերը: Առավել արդյունավետ կլինի, եթե կառավարությունը` ցանկացած վարկ ստանալուց առաջ դրա նպատակահարմարության մասին տեղեկացնի և’ Ազգային ժողովին, և’ հանրությանը:  Վարկերի առումով որոշումների ընդունման թափանցիկությունը ես համարում եմ գերխնդիրներից մեկը:

Նաիրի   ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`