Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանն ու Թուրքիան միավորում են ջանքերը Հայաստանի դեմ

Օգոստոս 31, 2009թ. 19:21

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը բավական լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարությանը: Մի կողմից պաշտոնական Անկարան ցանկանում է ինչ-որ եզրահանգման գալ Հայաստանի հետ` հույս ունենալով, որ այդ  կերպ Եվրոպային կներկայացնի Թուրքիայի`  հանդուրժողական պետություն լինելու «հերթական ապացույցը»: Մյուս կողմից, թուրքերի այդ տրամադրվածությունը լուրջ քննադատության է արժանանում Ադրբեջանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս մղելն է: Այսինքն, այսօր Թուրքիան կանգնած է լուրջ երկընտրանքի առջև` Եվրոպա կամ Ադրբեջան:

Իհարկե, նախկինում Անկարայում փորձում էին խուսափել այսպիսի շեշտադրումներից: Ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»` Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում էր լուծել առնվազն մի հարց.  ստիպել Հայաստանին հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջատիրությունից: Բացի այդ, թուրքական կողմը փորձում էր նաև հայերի Ցեղասպանության խնդիրը քաղաքական դաշտից տեղափոխել գիտապատմական ոլորտ, ինչի արդյունքում  Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կհայտնվեր բավական շահեկան դիրքերում: Ընդհանրապես պետք է նշել, որ վերոնշյալ երկու հարցերը շատ մեծ կարևորություն ունեն թուրքական դիվանագիտության համար:  Քրդերի, ասորիների, հույների և Թուրքիայի կողմից ճնշված ու ոչնչացված այլ ժողովուրդներին առնչվող   հարցերը հանդիսանում են այն լծակները, որոնք անհրաժեշտության պարագայում Արևմուտքի կողմից օգտագործվում են Թուրքիայի դեմ: Այդ իսկ պատճառով, ներկայումս Թուրքիան ամեն կերպ փորձում է ձերբազատվել պատմական այդ «հարուստ» ժառանգությունից և աշխարհին ներկայանալ իբրև քաղաքակիրթ երկիր: Այս առումով արդեն իսկ հիշատակված «ճանապարհային քարտեզը» Թուրքիայի ղեկավարության կողմից ընկալվում էր որպես ճակատագրի նվեր:

Սակայն, ինչպես արդեն նշվեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հանդեպ Ադրբեջանի բացասական արձագանքն ի չիք դարձրեց թուրքական դիվանագիտության հույսերը: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Անկարան պարզապես փորձեց համոզել Ադրբեջանի ղեկավարությանը, թե ինչ հեռանկարներ է բացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար: Այդ նպատակով Բաքու այցելեց նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Սակայն թուրքական կողմի բոլոր փաստարկները անսասան թողեցին Ադրբեջանի դիրքորոշումը: Պաշտոնական Բաքվի միակ պահանջն այն էր , որ Հայաստանի հետ ցանկացած տիպի հարաբերություններ ստեղծվեն միայն այն բանից հետո, երբ Արցախը հանձնվի Ադրբեջանին:

Թուրքիայում իհարկե գիտակցում են, որ Ադրբեջանի այդ պահանջն անիրականանալի է: Եվ եթե պաշտոնական Բաքուն շարունակի պնդել իր դիրքորոշումն, ապա հայկական հարցը Արևմուտքի ձեռքին կարող է Թուրքիային ճնշելու մշտական լծակ դառնալ: Այդ իսկ պատճառով թուրքական դիվանագիտությունը փորձեց ադրբեջանա-արցախյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը մղել մեկ հարթություն, որպեսզի հնարավորության պարագայում դրանց տրվի զուգահեռ լուծում: Սա այն նվազագույնն էր, որին կարող էր համաձայնել ադրբեջանական դիվանագիտությունը:

Սակայն այս պարագայում թուրքական կողմը հանդիպեց արդեն Հայաստանի Հանրապետության և մանավանդ ԼՂՀ հակազդեցությանը: Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանի պատճառով փաստորեն կասեցվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանի նման հարցադրումը բավական դրական արձագանք ստացավ Արևմուտքում, ինչի արդյունքում Թուրքիայի հետ դիվանագիտական շփումների ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ղեկավարները սկսեցին պահանջել իրար չշաղկապել երկու գործընթացները: Իսկ սահմանը առանց նախապայմանների բացելու  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մշտական կրկնվող պահանջն էլ ավելի է բարդացնում Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ, որոնք հանձին Թուրքիայի  տեսնում են  ագրեսոր երկրի:

Զարգացումների նման ընթացքը Թուրքիայի ղեկավարությանը հանգեցրեց այն եզրակացության, որ պատմական ժառանգությունից ձերբազատվելու թուրքական կողմի փորձերը տալիս են ճիշտ հակառակ արդյունքներ: Ուստի  Թուրքիան փորձեց ևս մի ջանք գործադրել, որպեսզի Ադրբեջանին համոզի նրանում, որ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է:

Օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց  տեղի ունեցավ: Տպավորությունն այնպիսին է, որ առկա խնդիրը հեռախոսազրույցի միջոցով հնարավոր չի եղել   կարգավորել: Այդ իսկ պատճառով արդեն հաջորդ օրը` օգոստոսի 29-ին,  Ադրբեջան մեկնեց Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի ղեկավարած պատվիրակությունը: ԶԼՄ-ի փոխանցմամբ Սինիրլիօղլու-Ալիև բանակցությունները բավական երկար են շարունակվել: Բաքվից վերադառնալով՝ Սինիրլիօղլուն հայտնել է լրագրողներին, թե իրենք Ալիևին բացատրել են Թուրքիայի դիրքորոշումը` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հաջողվե՞լ է  արդյոք թուրքերին համոզել ադրբեջանցի եղբայրներին, ցույց կտա ժամանակը: Այս հարցում լակմուսի դեր է կատարում սպասվող ֆուտբոլային հանդիպումը. եթե մինչև այդ հանդիպումը հայ-թուրքական սահմանը բացվի, ուրեմն կնշանակի` այս հարցում  թուրք-ադրբեջանական դաշինքը կայացել է:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`