Թուրքիան հասկացել է…
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև երեկ գիշեր ստորագրված արձանագրությունները անսպասելի էին ՀՀ քաղաքական դաշտի համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, կարծում էր, որ դա կլինի ավելի ուշ: Այսօր կայացած ասուլիսում թուրքագետը հարաբերությունների ներկա շրջադարձի պատճառ է համարում այն, որ Թուրքիան այլևս իր քաղաքականությունը չի կապում Ադրբեջանի կամքի հետ :
Ռ. Սաֆրաստյանը չի բացառում, որ եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա արձանագրություններում նախանշված վեցշաբաթյա բանակցություններից հետո` հոկտեմբերի 14-ին, կստորագրվի արձանագրություններից առաջինը` հարաբերություններ հաստատելու համաձայնագիրը, որից հետո արդեն կարելի է նշել, թե ինչ շարունակություն կլինի և ինչ փուլեր կհաջորդեն:
Թուրքիայի արտգործնախարարը երեկ գիշեր լրագրողներին հայտարարել է, որ հարաբերություններ պետք է հաստատել, բայց սահմանի բացումը երկար գործընթաց է: Սակայն ադրբեջանական կայքերը, ըստ թուրքագետի, միանգամից խեղաթյուրեցին փաստերը` նշելով, իբր Դավութօղլուն բացառել է սահմանի բացումը: Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, մեր դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ գործի, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը արդեն հայտարարություն է անում, իսկ հայկական կողմը լռում է:
Թեգեր` Ռ. Սաֆրաստյան












