ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԳԻՏԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՕՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում նշված է.
«Հարգելի´ուսուցիչներ և ծնողներ,
Սիրելի´ աշակերտներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
«Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու և զարգացնելու իր մշակույթը:
Այս հանրահայտ ճշմարտությունները Հայաստանի իշխանությունների համար գործողությունների ծրագրի հիմք են: Մեր ուշադրության կենտրոնում է կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից` բացահայտելու մի նոր ու անսահման աշխարհ` գրքերի աշխարհը, որ «տիեզերք է անեզր»:
Հաջողություն եմ մաղթում ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարում: Թող այն լինի արդյունավետ, քանզի գիտելիքի ձեռքբերման յուրաքանչյուր տարին և նույնիսկ օրը կարևոր են: Դրանցով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը»:












