Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

Հայաստանը «ճեղքում է» շրջափակումը կամ Ադրբեջանը դիվանագիտական փակուղում

Սեպտեմբեր 1, 2009թ. 17:58

Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն:

Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը սկսեց Հայաստանը տնտեսապես ճնշելու քաղաքականություն իրականացնել: Պատմական բավական կարճ ժամանակաշրջանում ադրբեջանցիներին հաջողվեց կառուցել Հայաստանը շրջանցող այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Իսկ ներկայումս իրականացվում են Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծային ճյուղի շինարարական աշխատանքները:

Շնորհիվ վերոնշյալ տնտեսական ծրագրերի, ինչպես նաև Ադրբեջանի քարոզչական մեքենայի կողմից իրականացված հսկայածավալ աշխատանքների` պաշտոնական Բաքվին իսկապես հաջողվեց Հայաստանը որոշ առումներով ենթարկել տնտեսական մեկուսացման: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ Թուրքիայի քաղաքական և տնտեսական օժանդակությունը: Բացի այն, որ արդեն բավական երկար տարիներ Թուրքիան փակել է Հայաստանի սահմանները, պաշտոնական Անկարան նաև լուրջ ճնշումներ է գործադրում Վրաստանի վրա, որպեսզի վերջինս խոչնդոտներ ստեղծի հայկական բեռնափոխադրումների համար: Արդյունքում, ունենք է այսպիսի իրավիճակ. Վրաստանի Փոթի և Բաթում նավահանգիստներից ապրանքները Երևան հասցնելու գինն ավելի բարձր է, քան եթե այդ նույն ապրանքներն աշխարհի ցանկացած կետից բերվեն վերոնշյալ նավահանգիստներ:

Սակայն այսօր ադրբեջանական դիվանագիտությունը հայտնվել է բավական ծանր և նույնիսկ փակուղային կացության մեջ: Դա հիմնականում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, որը ենթադրում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև  սահմանի բացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարությունը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանն ու Անկարան պատրաստվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև արդեն այս տարի, ինչը նշանակում է, որ Հայաստանը շրջափակելու ադրբեջանցիների ծրագրերը մոտ ապագայում ի չիք են դառնալու: Մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի համագործակցությունը խորացնելու մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունների հրապարակած արձանագրությունները` ադրբեջանական ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` հակասում է Ադրբեջանի ազգային շահերին: Այս առումով, Բաքվում համարում են, որ իրենց ռազմավարական դաշնակիցը դավաճանել է Ադրբեջանի ազգային շահերը:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գրավելու համար Ադրբեջանը ստիպված կլինի հրաժարվել նաև Հայաստանը շրջափակելու մարտավարությունից: Նախկինում նույն ճակատագրին էր արժանացել նաև Արցախում զենքի ուժով հաջողությունների հասնելու ադրբեջանցիների մարտավարությունը: Հերթը` իրավական և քաղաքական դաշտում պաշտոնական Բաքվին սպասվող ֆիասկոյին է:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`