Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարությունը

Սեպտեմբեր 1, 2009թ. 19:22

2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:


Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին:Այս սկզբունքներից մեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում» եւ Հայաստանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները։ Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով:ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:
Ելնելով այս ամենից` ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստների հավանականությունը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
01 սեպտեմբեր 2009թ.
ք. Երեւան


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`