Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ԼՂՀ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԻՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ, ԲԱՆԱԿՈՎ, ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՏՆՕՐԻՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՈՎ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ:
Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով և որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դեմս Արցախի` մենք, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ազատության, ինքիշխանության և ժողովրդավարության իդեալները կյանքի կոչող արդիական հանրապետության հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիվ և արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը բոլոր այս տարիներին եղել և միշտ մնալու են Արցախի հուսալի թիկունքը: Հավաստիացնում եմ բոլոր արցախցիներին և ողջ հայությանը, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման որևէ լուծում լինելու է առաջին հերթին Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ և ազատ կամարտահայտմամբ:
Սիրելի´ արցախցիներ,
Այս տոնի համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց, ովքեր անմահացան` իրենց կյանքը դնելով հայրենիքի և ազատության զոհասեղանին: Գլուխ խոնարհելով նրանց շիրիմների առջև` կրկին շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, երջանկություն և ոգու արիություն»:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:












