Ծառայողական բնակարաններ ևս 30 զինծառայողներին
Անկախության հռչակման 18-րդ տարեդարձը ԼՂՀ պաշտպանության բանակի ևս 30 սպաներ և ենթասպաներ իրենց ընտանիքներով կդիմավորեն արդեն նոր բնակարաններում: «Չնայած տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` պաշտպանության բանակի շինարարական ծրագրերը շարունակվում են»,- վստահեցնում են ոլորտի պատասխանատուները:
Նոր բնակարանների վկայագրերը զինծառայողներին հանձնեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Շնորհավորանքի խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Կարմիր ժապավենը կտրելու պատասխանատու գործը վստահվեց նորակառույց շենքի փոքրիկ բնակիչներին: Նրանցից հետո շենք մտնելու և կատարված աշխատանքների որակը գնահատելու հնարավորություն ունեցան նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:
Բնակարանամուտի այս արարողությանը շատերը երկար են սպասել: «Արդեն 20 տարի է, երազում էինք սեփական անկյուն ունենալու մասին,- անկեղծացավ Ստելլա Շահնազարյանը: Այսօր արդեն երեքսենյականոց բնակարան ունենք»:
«Դրանով ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական խնդիրներ են լուծվում»,- վստահ է պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Շինարարությունը իրականացրել է «Պանտ»ՍՊԸ-ն: Ընդամենը մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է զորամասի հարևանությամբ բարձրացող ավանի շենքերի թիվը ավելացնել ևս մեկով: «Վստահեցնում ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում այս բնակարաններում վերանորոգման խնդիր չի լինի»,- վստահեցնում է «Պանտ»ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Հարությունյանը:
Ջրամատակարարման հետ կապված որոշ խնդիրներ ևս շուտով կլուծվեն:
Այն,որ շինարարության որակի հարցում էական տեղաշարժ կա, անվիճելի են համարում նաև շինարարության ոլորտի պատասխանատուները: «Այստեղ մի քանի սերնդի շենքեր ենք տեսնում: Անգամ անզեն աչքով է տեսանելի որակի դրական տեղաշարժը»,- գտնում է ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:
Սա այս մաքուր և խնամված ավանի հերթական, բայց ոչ վերջին նորակառույց շենքն է: Ընթացքի մեջ է արդեն հերթական բնակելի շենքի շինարարությունը: Դրանով, սակայն, աշխատանքները չեն ավարտվի: Երեխաներն այստեղ արդեն ունեն իրենց անկյունը: 240 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարությունն էլ չի ուշանա:
«Ֆինանսա-տնտեսական ճգնաժամը պաշտպանության բանակի ծրագրերի իրականացումը չի հետաձգի»,- վստահեցրեց Մովսես Հակոբյանը:
Այսօր տոնական տրամադրություն էր նաև ռազմական ոստիկանության վարչության Ստեփանակերտի բաժնում: Այստեղ շահագործման հանձնվեց զորամասի նոր մասնաշենքը` նախորդի համեմատ ավելի լայն հնարավորություններով և կահավորմամբ:
Ն.Հովսեփյան
Թեգեր` ԼՂՀ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան












