Քրդական երգեր կատարող երախտապարտ հայ երգիչը
Արամ Տիգրանի երգերը ծանոթ էին աշխարհի բոլոր քրդերին:
Հունաստանում 75 տարեկան հասակում մահացել է հայազգի երգիչ Արամ Տիգրանը: Նա ծնվել է 1934 թ., 1915 թ. ցեղասպանությունից փրկված և Դիարբեքիրից Սիրիայի Քամըշլը քաղաք գաղթած հայի ընտանիքում: Փոքր տարիքում սովորել է ուդ նվագել, իսկ ավելի ուշ սկսել է գրել երգեր` արաբերեն, հայերեն, քրդերեն ու թուրքերեն լեզուներով: 1966թ. բնակություն է հաստատել Երևանում և տասնութ տարի աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում: Վերջին տարիներին ապրում և ստեղծագործում էր Աթենքում: Հասցրել էր թողարկել 11 ձայնասկավառակ:
Այն հարցին, թե շատ լավ տիրապետելով մայրենի լեզվին, ինչու՞ է հիմնականում քրդերեն երգեր գրում ու կատարում, Արամ Տիգրանը պատասխանում է, որ հայրն է իրեն նման խորհուրդ տվել` երգել քրդերեն ու նպաստել քրդական մշակույթի զարգացմանը, ինչն ամենևին ինքնանպատակ չէր: Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված այս հայ ընտանիքի զավակը դա արել է ի նշան երախտագիտության այն քուրդ ընտանիքի, որը 1915-ի դաժան կոտորածների ժամանակ օգնել էր իր ընտանիքին ու փրկել թուրք ցեղասպանների ձեռքից:
Արամ Տիգրանի դին, իր իսկ կտակի համաձայն, հողին կհանձնվի նրա ծնողների ծննդավայրում` Դիարբեքիրում:
Թեգեր` Արամ Տիգրան, Դիարբեքիրից












