Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիան փորձում է աշխարհին ներկայանալ «նոր» դեմքով

Սեպտեմբեր 2, 2009թ. 16:19

«Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման փաստաթղթում Ղարաբաղ և  ցեղասպանություն բառերը չկան”,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա իրականությունից զուրկ է համարում այն ենթադրությունները, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը կարող է պայմանավորել ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացով:

Վերջին 15 տարիներին Թուրքիայի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վերջինիս   կանգնեցրել է փակուղու առջև: Փակուղուց դուրս գալու միակ ելքը մի կողմից ներքաղաքական միապետական համակարգի փլուզումն է, մյուս կողմից` միջազգային հանրությանը հաճոյանալը, թե ինքն այլևս առաջվա Թուրքիան չէ,  ինչով նա արտաքին աշխարհին կփորձի   համոզել, թե իր մուտքը Եվրոմիություն արդարացված է: Սրան զուգահեռ, Թուրքիան խնդիր ունի միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքն ի վիճակի է բարի-դրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ  ընդհանրապես և վաղեմի թշնամական պետություն Հայաստանի հետ մասնավորապես: Ասել է, թե այսօր թուրքական իշխանություններին պարտադրել են  կրկնակի “քննություն” հանձնել, որից և կախված կլինի նրա ապագան:  Հետևապես, ինչպես քաղաքագետ Իսկանդարյանն է նկատում. «Իրականում ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Թուրքիայի վրա գործադրվում են ճնշման մեխանիզմներ, ինչին դեմ չէ Ռուսաստանը: Ներկայումս Թուրքիայում կան ներքին ուժեր, որոնք կողմ են  հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը”,- ասում է  Իսկանդարյանը: Նա տեսակետ հայտնեց, թե միակ մտավախությունը կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերի իրագործման ժամկետների ձգձգումը, ինչը վատ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար:

Շրջանառվող այն կարծիքը, թե հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել առանց Ադրբեջանի հետ խնդիրը համաձայնեցնելու, այլևս ժամանակավրեպ է, քանի որ, ըստ Իսկանդարյանի, «դրանք այլևս տարբեր հարցեր են Թուրքիայի համար»: Սրան անշուշտ խանդով է վերաբերվում եղբայրական Ադրբեջանը, որը ժամանակ առ ժամանակ հիստերիա է բարձրացնում, որ եթե թուրքերը բացեն Հայաստանի սահմանը, դա կնշանակի, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրում տանուլ է տալիս: Ինչևէ, Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, մի կողմից չնեղացնելու  փոքր եղբայր Ադրբեջանին, մյուս կողմից միջազգային հանրությանը ցույց տալու, որ ինքը «լավն» է և կարող է  Հարավ-կովկասյան տարածաշրջանում առաջնորդի դիրք զբաղեցնել:   Այդ է պատճառը, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութ- Օղլուն  իրարամերժ հայտարարություններ է հրապարակում` նպատակ ունենալով մի կողմից հանդարտեցնել Ադրբեջանին, մյուս կողմից հաճոյանալ Արևմուտքին: Բացի այդ, հայ-թուրքական սահմանի վերաբացումը Թուրքիային հնարավորություն կտա այլ  հարթություն տեղափոխել Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու խնդրի քննարկումը: “Հոկտեմբերի կեսերին ամեն ինչ պարզ կլինի”,- եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`