ԼՂՀ հռչակումը պատմական անհրաժեշտություն էր
Դեռ վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում զգացվում էր տոնական օրվա շունչը:
Արցախցիները ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձը դիմավորում են 18 տարիների ձեռքբերումներին համարժեք տոնական տրամադրությամբ: Ավանդույթի համաձայն` պետական բոլոր տոների արարողակարգերից մեկը տեղի է ունենում այստեղ` Ստեփանակերտի հուշահամալիրում:
Այսօր էլ մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր սկսվել էր վաղ առավոտից` մայրաքաղաք Ստեփանակերտից:
Շատ չանցած «Վերածնունդ» հրապարակից դեպի հուշահամալիր ձգվող հոսքին միացավ ՀՀ և ԼՂՀ ներկա և նախկին նախագահների գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էին հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
Հուշահամալիրում պսակադրությունից ու զինվորական շքերթից հետո պետական այրերն այցելեցին արցախյան գոյապայքարի նահատակների շիրիմներին:
Հարգանքի տուրք մատուցվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:
ԼՂՀ հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և տարիների հետ այդ համոզմունքը միայն ամրապնդվում է, ասում են այսօր հուշահամալիր այցելած արցախցիներն ու Արցախի հյուրերը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անցած 18 տարիների ամենամեծ ձեռքբերումն Արցախի անկախությունն է համարում: Իսկ այդ գործընթացը հստակ ընթացք ստացավ հենց 1991թ. սեպտեմբերի 2-ից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո, համոզված է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը:
Ազգությամբ ռուս, այսօր արդեն անդառնալի ղարաբաղցի Եկատերինա Դուբինինան նախորդ 18 տարիների դժվարություններն է վերհիշում և ուրախությամբ ասում, որ դրանք, ի վերջո, տվեցին ցանկալի արդյունքը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տոնական օրվա մեջ ազգային միասնության խորհուրդն է տեսնում: «Այդ օրվան մեզնից յուրաքանչյուրը պետք է արժանանա ոչ թե ամեն տարի, այլ ամենօրյա տքնաջան աշխատանքով»:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ












