ՀՅԴ-ն պահանջեց ԱԳ նախարարի հրաժարականը
ՀՅ Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ին Երևանում հանրահավաք է անցկացրել` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-ամյակին, որի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին:
Հանրահավաքի մասնակիցներին խոսք է ուղղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Սրտանց շնորհավորելով ներկաներին Արցախի անկախության օրվա առթիվ, նկատել է, թե շատ կուզեր, որ Արցախի անկախության տոնական տրամադրությունը ստվերված չլիներ մտահոգության ամպերով, բայց մտահոգությունները կան, նրանք կուտակվում են եւ լուրջ սպառնալիքների նշան հանդիսանում:
Հովհաննիսյանի համոզմամբ, հայ թուրքական հարաբերությունների հենց սկզբից
Հայաստանը գնաց շատ մեծ զիջումի հարաբերություններ հաստատելու համար` որպես նախապայման առաջ չքաշեց Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի կողմից ճանաչելու հարցը: Բայց Թուրքիան այդքան մեծահոգի չգտնվեց:
«Բոլորիդ հայտնի են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու այն երեք նախապայմանները, որ Թուրքիան դնում է մեր երկրի առջեւ մեր անկախության հենց առաջին տարիներից» Եվ այսպես. նապայմաններից առաջինը պահանջում է ընդհանրապես հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հետապնդումից:
Երկրորդ նախապայմանը Հայաստանից պահանջում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ 1920-ի թուրք-բոլշեւիկյան համաձայնությամբ Հայաստանին պարտադրված սահմանի անխախտելիությունը:
Եվ վերջապես, Թուրքիայի երրորդ նախապայմանը վերաբերում է Արցախին: « Մեզնից ակնկալում են միակողմանի զիջումներ հօգուտ Ադրբեջանի այն չափով, որ կբավարարի ադրբեջանցիների ախորժակը: Ահա այս է եղել Թուրքիայի մոտեցումների այն փաթեթը, որով նա մտել էր դեռ տարիներ առաջ սկսված հայ-թուրքական բանակցային գործընթաց»:
Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Խոսելով նոր հրապարակված արձանագրությունների մասին, հարցադրում հնչեցրեց. ի վերջո, սա մե՞ր օգտին է, թե՞ Թուրքիայի, և արդյո՞ք, սա սերունդների համար է, թե՞ նրանց հաշվին: «Խորաթափանց վերլուծությունների կարիքը չկա՝ տեսնելու համար, որ մեր ամենալուրջ ձեռքբերումն այս ամենից այն է, որ Թուրքիան բարեհաճում է մեզ հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը: Այ, երբ փորձում ես խորանալ ու հասկանալ՝ ինչի՞ դիմաց է հանկարծ բարիացել մեր հարեւանը` պարզվում են մեր լրջագույն կորուստները»:
Դաշնակցությունը համոզված է, որ պատմական այսպիսի բախտորոշ ժամանակահատվածում հայության առջև ծառացած սպառնալիքներն ու վտանգներն անհնար է չեզոքացնել առանց համազգային ճակատի ստեղծման:
Դաշնակցությունը հրավիրված հանրահավաքում պահանջեց ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականը: Կուսակցության որոշումը Արմեն Ռուստամյանը մեկնաբանեց այս կերպ.«ԱԳ նախարարի հրաժարականը հստակ ահազանգ կարող է հանդիսանալ, որ Հայաստանը փոխում է իր մարտավարությունը բանակցային գործընթացներում՝ թե’ Ղարաբաղի հարցում, թե’ հայ-թուրքական հարաբերությունների, եւ չի պատրաստվում իր ազգային շահերը զիջելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի բարեհաճությունն ստանալ, որպեսզի իր հաղորդակցության հնարավորություններն ընդլայնի»:
armarlur.com












