Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արմեն Մարտիրոսյան. «Հայկական կողմի համար ոչ մի դրական բան չկա այդ արձանագրություններում»

Սեպտեմբեր 3, 2009թ. 14:42

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց կուսակցության տեսակետը հայ-թուրքական համատեղ արձանագրության մասին:
Մինչ ասուլիսի սկիզբը բանախոսը, հիշելով դեսպանների հետ հանդիման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ճառը, որում ասվում է, որ այսուհետ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լինելու են հանրային քննարկումներ վիճահարույց թեմաների շուրջ, նշեց, որ սա հանրային քննարկում է, մինչդեռ անհասկանալիորեն հեռուստաընկերությունները ներկա չեն:
Կուսակցության հայտարարությունը ներկայացնելուց հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին (հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Armar.am):
Բանախոսը չբացառեց, որ մինչ արձանագրության վերաստորագրումը հնարավոր է հանրության պահանջով կանխել ՀՀ-ի և հայության համար վտանգավոր և ճակատագրական սխալը, որում շեշտադրվում են հիմանականում երեք կետեր` սահմանների փոխճանաչում, պատմաբանների կառավարական հանձնաժողովի ստեղծում, պետությունների տարածքային ամբողջականության մասին դրույթ, մինչդեռ մոռացվել է ազգերի ինքնորոշման իրավունքը:
Ինչպես հավաստեց Ա. Մարտիրոսյանը, չնայած մեր իշխանությունները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին,այնուամենայնիվ, արձանագրությունը ընդունում և հաստատում է դեռևս 1991թ.-ից Թուրքիայի ներկայացրած նախապայմանները:
Ներկայացնելով արձանագրության «դրական» կողմերը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի համար դրական ոչինչ չկա և ՀՀ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել հայկական շահերը:
Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ պատմաբանների հանձնաժողովն այլ հարցեր է քննարկելու, նշեց, որ ինքը չի հիշում առավել կարևոր հարց, որին պատմաբանները կարող են անդրադառնալ:
Խոսելով ապրիլի 23-ին ադրբեջանցիների բարձրացրած վայնասունի մասին` նա նշեց, որ այսօր Ադրբեջանը լռում է, քանի որ արձանագրությունից հստակ տեսնում է, որ բոլոր քայլերը հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի են:
Ստեղծված իրավիճակից ելքը «Ժառանգություն» կուսակցությունը համարում է հանրաքվեի անցկացումը` նշելով, որ հնարավոր է դիվանագիտական հարաբերություններ և բաց սահման ունենալ առանց տարածքների փոխճանաչման և պատմական իրավունքից հրաժարվելու:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`