Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

Ով ում է խաբում. Անկարան Երևանի՞ն, թե՞ ինքներս մեզ

Սեպտեմբեր 3, 2009թ. 18:02

Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված   որևէ նախապայման»: Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների մասին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «այս արձանագրությունները որևէ կապվածություն չունեն ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ»:

Եվ իրոք, վերոնշյալ Արձանագրությունների մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ոչ մի խոսք չկա: Սակայն, ցավոք սրտի, այդ փաստն ամենևին էլ չի նշանակում, որ հայկական դիվանագիտությանը հաջողվել է բաժանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն արցախյան հիմնախնդրից: Դրա մասին է վկայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլու ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Արձանագրությունների հրապարակումից անմիջապես հետո Դավուդօղլուն զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հեռախոսազրույցի ընթացքում թուրք դիվանագետն իր գործընկերոջն է ներկայացրել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը և խնդրել Լավրովից ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը: Դրանից մեկ օր առաջ` այսինքն Արձանագրությունների հրապարակման նախաշեմին, Դավուդօղլուն խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հետ:

Այս ամենին հետևել են թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ իրենք Ադրբեջանին վնասող ոչ մի քայլ երբեք չեն անի: Թուրքական դիվանագիտությունն ամեն ինչ հաշվարկել էր և այդ հաշվարկները շատ շուտ բացահայտվեցին լայն հասարակության համար: Իրականում Թուրքիան չէր էլ պատրաստվում հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելու մտքից: Այդ իսկ պատճառով թուրքական դիվանագիտությունն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանի հետ ստորագրվող որևէ փաստաթղթում չնշվի «առանց նախապայմանների» արտահայտությունը: Բացի այդ, նախատեսվում է, որ Արձանագրություններում արտահայտված դրույթներն ուժի մեջ կմտնեն միայն այն պարագայում, եթե դրանք վավերացվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից: Իսկ այն մասին, որ թուրքական խորհրդարանն այդ փաստաթղթերը չի վավերացնի եթե արցախյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանին բավարարող առաջընթաց չլինի, Թուրքիայի ղեկավարներն արդեն պարզ հասկացնել են տվել միջազգային հանրությանը:

Թուրքական «Ռադիկալ» թերթի տեղեկատվությամբ Դավութօղլուն երկու օր առաջ հեռախոսազրույց ունենալով Քլինթոնի, իսկ երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հետ, հայտնել է, որ արդեն քայլ է արվել, որը չի հաստատվի, եթե Ղարաբաղի կարգավորման գործընթացը չարագանա և կոչ է արել այդ հարցում համոզել Հայաստանին։ Թերթը նաև տեղեկացնում է, որ այդ հարցի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստացել է Դավուդօղլուն կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում: Նշվում է նաև, որ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշներն արդեն համաձայնել են այդ հանդիպման գաղափարի հետ:

Թե ինչ ուղղությամբ կընթանա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների քննարկումը, կարծում եմ, ակնհայտ է: Սեղանին դրված է լինելու Արցախի որոշ շրջանների Ադրբեջանին զոհաբերելու ճանապարհով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Եվ, ըստ ամենայնի, Թուրքիան փորձելու է այնպիսի փաստարկներ ներկայացնել քննարկման կողմերին, որ վերջիններս հնարավորինս շատ ճնշեն Հայաստանին: Բացառված չէ նույնիսկ, որ թուրքական դիվանագիտությունն այս ճանապարհով կփորձի ամբողջ Լեռնային Ղարաբաղը «մատուցել»  Ադրբեջանին: Եվ, հետևաբար, պետք է ակնկալել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումից հետո Հայաստանը որոշակի ճնշումների կենթարկվի վերոնշյալ երկրների կողմից, որոնք հայ-թուրքական դարավոր հակամարտությանը վերջապես լուծում գտնելու մեծ ցանկություն ունեն:

Այսպիսով, մենք եկանք այն եզրահանգման, որ Թուրքիային այնուամենայնիվ հաջողվեց Արցախի հիմնահարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչպես է կարողացել պաշտոնական Անկարան համոզել Ադրբեջանի ղեկավարությանը չմիջամտել հայ-թուրքական բանակցային գործընթացին:

Ներկայումս, օգտագործելով ֆուտբոլային դիվանագիտությանը բնորոշ բառապաշարը, կարող ենք ասել, որ գնդակը գտնվում է հայկական դաշտում: Եթե ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի գործողություններից էր կախված հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը, ապա այսօր պաշտոնական Անկարան հասավ նրան, որ պատասխանատվությունն ամբողջովին ընկավ Երևանի ուսերին: Եթե Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնի զգալի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, ապա թուրքական խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրություննները և Թուրքիան հնարավորություն կստանա ամբողջ աշխարհով մեկ գոռալ, թե հայերը չցուցաբերեցին տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ պատրաստակամություն:

Այսպիսով մենք զիջեցինք այն շահավետ դիրքերը, որոնցից հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների ընթացքում ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա: Եկել է քայլ կատարելու պաշտոնական Երևանի հերթը: Սակայն ստեղծված իրավիճակում քիչ թե շատ հավասարակշռված պատասխան գտնելը շատ ավելի դժվար է լինելու, քանի որ լինելու է նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների գործոնը: Ուստի անհրաժեշտ է նախ և առաջ վերջ տալ այն ինքնախաբեությանը, որը տիրում է այսօր մեր հասարակությունում, և փորձել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`