Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ոչ դուք կույր ձևացեք, ոչ էլ նույնը պարտադրեք սեփական ժողովրդին

Սեպտեմբեր 3, 2009թ. 18:42

Ապրիլի 22-ի առավոտը համայն հայությունը ապրում էր ոչ միայն որպես ապրիլի 24-ի նախօրե, այլև փորձում հնարավորինս շատ բան իմանալ նախորդ գիշերին կնքված հայ-թուրքական համաձայնագրի մասին: Համաձայնագիրը միայն մեկ պարբերությամբ փորձեց պարզաբանել ԱԳՆ-ն` չկատարելով հանրությանը տեղեկացնելու պարտականությունը: Վերջինիս արդյունքում սեփական երկրի ապագան որոշող փաստաթղթի բովանդակությանը հայությունը ակամա ծանոթացավ թշնամու մեկնաբանմամբ:

Դրանից անցել է շուրջ չորս ամիս: Այսօր ցանկացած շահագրգիռ անձնավորություն կարող է տեսնել, թե ինչ համաձայնության մասին է խոսքը,  արդյո՞ք «առանց նախապայմանների սահմանի բացում» ասվածը համապատասխանում է իրականությանը և որտեղ է թաքնված «նախապայման» ասվածը:

Հայ քաղաքական դաշտը լի է բազմաթիվ տեսակետներով.  իրողությունն այն է, որ առկա է լուրջ մտահոգություն`   կապված նախաստորագրված արձանագրության հետ:

Մինչ ընդդիմադիր թևն ահազանգում է Հայաստանի տանուլ տալու մասին, ամեն կերպ փորձում ապացուցել իր իրավացիությունն ու դրանով իսկ կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների ոչ հայանպաստ  ընթացքը, ՀՀ իշխանությունները շարունակում են հասարակությանը  հավաստիացնել, որ համագործակցության են գնում առանց նախապայմանների և հայկական կողմի համար վտանգավոր որևէ կետ արձանագրությունում չկա:

Նաև հավաստիացվում է, որ  ոչ մի վտանգավոր բան չկա, որ արձանագրությունն ընդամենը ժամանակավոր  է :

Բայց  փորձենք   վերընթերցել արձանագրությունում ասվածը.  «երկխոսություն կկայանա պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»: Սա այլ բան չէ, քան թուրքական հայտնի նախապայմանը` Հայոց Ցեղասպանության հարցը քննարկող հանձնաժողով ստեղծելու մասին:

Մինչդեռ, օրինակ,  իշխանության ներկայացուցիչ Գ. Սահակյանը հավատացած է, որ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են և  բացարձակապես «որևէ կապ չունեն  Ցեղասպանության հետ»:

Հիշեցի վերջերս էկրան բարձրացած թուրքական «120» ֆիլմը, որ ներկայացնում է 20-րդ դարի սկզբի Վան քաղաքի կյանքը, որը ներկայացված էր որպես թուրքերի «դարավոր հայրենիքի» մի մասնիկ, ձեռքի հետ էլ հեռավոր ակնարակով հիշատակվում է «ինչ-որ հայերի » մասին, իսկ հայության բնօրրանը` Արևմտյան Հայաստանը, ներկայացվում ` որպես  թուրքերի դարավոր հայրենիք: Իրականությունը սա է ու պետք չէ պարտադրել սեփական ժողովրդին կույր ձևանալ…

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`